Բացել լրահոսը Փակել լրահոսը
080a0000-0a00-0242-238e-08da4f80a3f0_cx0_cy9_cw98_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Ալիևը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»․ Ազատություն

Ադրբեջանի նախագահը Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի պատասխան կտան»: Այս հայտարարությունները Իլհամ Ալիևը արել է այսօր Լաչինում:

«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»,-հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե Հայաստանը խաղաղություն չի ուզում և ռևանշիստական մտքեր ունի: Նա դժգոհել է, թե պաշտոնական Երևանը գրեթե մեկ տարի ձգձգում է սահմանների դելիմիտացիայի գործընթացը, իսկ հիմա այն պարզապես ֆորմալ բնույթ է կրում և ոչ մի էական բան, քարտեզների մասին քննարկումներ չկան:

Ալիևը պնդել է, թե ադրբեջանական կողմը նախապատրաստել է 20-րդ դարի և նախորդ ժամանակաշրջանի քարտեզներ և դրանց հիման վրա պետք է սահմանազատման աշխատանքներ տարվեն:

«Եթե Հայաստանը ուզում է մեզ մեղադրել, թե մենք իրենց տարածք ենք մտել, դա ոչ մի հիմնավորում չունի: Նախ և առաջ, եթե սահմանները լինեին այնտեղ, որտեղ իրենք են ասում, ապա սահմանային ինժեներական աշխատանքներ կտարվեին: Նրանք կարծում էին, թե ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը իրենց է մնալու: Այդ պատճառով էլ ոչ մի բան չեն արել հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Ադրբեջանի նախագահը: