Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԼՈՒՍԱՆԿԱՐ-Բանտարկյալի ձայնը-շնորհանդեսից
A A
Քաղաքականություն

Երևի լավ է, որ այսօր չկա Յանիկյանը․ մեր օրերում մենք տասներորդ, կամ հարյուրտասներորդ անգամ թաղեցինք նրան

«Գուրգեն Յանիկյանը Ամերիկա չգնաց միլիոններ կուտակելու։ Նա Ամերիկա մտավ արդեն վաստակած միլիոններով և եղավ միակ միլիոնատեր հայը, ով իր կարողության մինչև վերջին ցենտը նպատակաուղղեց հայոց պահանջատիրությանը։ Եվ երբ սպառված էր ամեն ինչ, մնաց միայն տասներեք փամփուշտ, Յանիկյանն այդ փամփուշտներն արձակեց ոչ միայն թուրք դիվանագետների վրա, այլև բոլոր այն ուղղություններով, որտեղ կար հայի նահանջ, հայի թմբիր, հայի ուրացում ու դավաճանություն», «Բանտարկյալի ձայնը» գրքի ներածականում գրել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանը, ով կազմել ու խմբագրել է ԱՍԱԼԱ–ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի բանտային հուշագրությունը։

«Գիրքը հրատարակվել էր դեռ երկու ամիս առաջ։ Վանաձորում արվեց գրքի շնորհանդեսը։ Սակայն Երևանում անընդհատ հետաձգում էինք, մտածելով, որ միգուցե դեռ ժամանակը չէ,պետք չէ հանրությանը գրգռել»–նշեց պարոն Վարդանյանը։

Գրականագետի խոսքով, Գուրգեն Յանիկյանի մասին իմացել են Յանիկյանի իրականացված գործողության արդյունքում, 1973 թվականի հունվարի 27–ին։

«Իմացանք, բայց չճանաչեցինք և մինչ այսօր շատ բան չգիտենք։ Կարևորը դրդապատճառն էր, որ ստիպեց նրան գնալ այդ գործողության։ Նրա կյանքի ամեն մի դրվագը պայքար էր։ Սկսած նրա ծնված օրից, երբ հրաշքով փրկվեց թուրքի սրից, մինչև պայքար հայի հոգևոր նահանջի դեմ։

Երևի լավ է, որ այսօր չկա Յանիկյանը։ Մեր օրերում մենք տասներորդ, կամ հարյուրտասներորոդ անգամ թաղեցինք նրան։ Նա հնարավոր էր համարում մեր պատմական հայրենիքի ազատագրումը։ Մի ամբողջ ծրագիր էր մշակել։ Մշակված էր այդ ամբողջ գաղափարաբանությունը։ Որպեսզի ցույց տա, որ այն իրագործելի է առաջին քայլն ինքն արեց։ Եվ սփյուռքի ճահիճը տակնուվրա եղավ։ Իսկ արդյունքը սպասեցնել չտվեց։ Հիմնականում Միջին արևելքում հայ երիտասարդները գոտեպնդվեցին։ Անցյալ դարի 70–ականներին հայրենասիրություն շատ կար։ Երրորդ սերունդն էր արդեն, որ ցեղասպանության մասին իրենց պապերի պատմածներով գիտեին»։

Պարոն Վարդանյանի խոսքով, լինելով Ամերիկայի քաղաքացի Յանիկյանը վեր էր հանել ամերիկյան ժողովրդավարության սուտ արժեքները։ Նա գիտեր Սահմանադրությունն ու փաստերով էր խոսում։ «Դուք խիղճ ունեք,–գրում էր Յանիկյանը– էս ժողովրդավարությունը որ հնարել եք ինչ է իրականում։ Ուրիշներին պարտադրում եք, որ հարազատ մնան այդ արժեքներին, թե չէ կզրկեք օժանդակությունից, օգնությունից։ Իսկ ինքներդ խեղդում եք, ճզմում եք Ամերիկայում հնչած ազատ խոսքը»։

«Ցավոք, ոչ միայն չունենք այսօր այսպիսի մեկը, միգուցե և չունենանք, քանի որ մեր միջավայրը Յանիկյաններ թաղելու համար է, այլ ոչ Յանիկյան ստեղծելու»,– ելույթի վերջում ասաց պարոն Վարդանյանը։

«Բանտարկյալի ձայնը» Յանիկյանը գրել է ընդհատումներով և ավարտել է 1979–ին։ Սուր գնահատականներով ու աղմկահարույց բացահայտումներով բանտային այս հուշագրությունը կազմվել է Լիբանանի «Սփյուռք» պարբերականի արխիվում առկա նյութերից։

Հրատարակությունն իրականացրել է «Հայաստանի ժողովրդական շարժում» հ\կ–ն Յանիկյանի գործունեության 50–ամյակին ընդառաջ «Նպատակ և Ճշմարտություն» միջոցառումների շարքում։