Բացել լրահոսը Փակել լրահոսը
1092845
A A
Քաղաքականություն

Այլ երկրների հետ հարաբերություններում կօգտագործենք մեր լծակները՝ ցույց տալու, որ ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունն առաջնային են. Փելոսի

Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը արժեք են և գնահատվում են ԱՄՆ-ում, և ԱՄՆ-ն այլ երկրների հետ իր հարաբերություններում պետք է օգտագործի իր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին:

ԱՄՆ-ն ակնկալո՞ւմ է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, և ԱՄՆ-ի կառավարությունն ի՞նչ է առաջարկում ՀՀ-ին, արդյոք պատրաստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, սահմանների անվտանգությունը:

Հարցին նախ անդրադարձավ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդգծելով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այդ անվտանգային կազմակերպության մաս է՝ ՌԴ-ի հետ: Մենք դրա հետ կապված որևէ բան չենք ասում:  Այն, ինչ մենք ասում ենք հետևյալն է, որ ԱՄՆ-ն շատ անհանգստացած է Հայաստանի անվտանգությամբ: Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել Հայաստանին անվտանգության հարցում»:

Ապա Փելոսին շարունակեց. «Ժողովրդավարությունը Հայաստանում ուրախություն է աշխարհի համար, թավշյա հեղափոխությունը ողջունվեց ամբողջ աշխարհում»,-ասաց Փելոսին:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը խոսեց նաև Հայաստանում անցկացված վերջին ընտրությունների մասին՝ դրանք որակելով ազատ և արդար: «Դուք դեպի ժողովրդավարություն անցնելու լավ օրինակ եք: Եվ մենք աջակցում ենք դրան:  Ինչպես կոնգրեսական Փալոնն ասաց՝ ձեր հարաբերություններն այլ կառույցների հետ Հաաստանի որոշելու հարցն է: Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքիշխանությունը, ժողովրդավարությունը մեզ համար արժեք են ԱՄՆ-ում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալու, որ հայկական ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը առաջնային են»,-շեշտեց Փելոսին:

Նա հիշեցրեց նաև կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրենսդրական նախաձեռնության մասին: Փելոսին հիշեցրեց, նաև, որ Ադամ Շիֆը նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներից է: