Բացել լրահոսը Փակել լրահոսը
1092433 (1)
A A
Քաղաքականություն

Ադրբեջանն օգտվում է ՌԴ-ում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի. Զատուլին

Ռուսաստանի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու այնքան էլ հեշտ չեն, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։

Այս մասին «Մոսկվան է խոսում» ռադիոկայանին ասել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:

Նա նշել է, որ Ադրբեջանն օգտագործում է Ռուսաստանի մասնակցությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն ու նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին:  

«Հրետակոծությունը, ցավոք, տխուր իրականություն է: Ադրբեջանն օգտվում է Ռուսաստանում տիրող իրավիճակից և ներկայացնում իր պահանջները, որոնք ավելի շատ նման են վերջնագրի: Ինձ թվում է՝ սա երկու տարի առաջ տեղի ունեցածի հետեւանքն է, որ մենք հիմա քաղում ենք և ես կարծում եմ, որ այստեղ մենք դեռ պետք է հասկանանք Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների թիկունքում, որպես դրդող»,-ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանը հեռու կմնա ռազմական գործողություններին միջամտելուց այն ժամանակ, երբ «հանգստացնի» Ադրբեջանին:

Ռուսաստանը փորձում է դիվանագիտական միջոցներով առաջընթացի հասնել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ըստ Զատուլինի, Ռուսաստանը պետք է ամեն կերպ կանխի հակամարտությունը, անհրաժեշտության դեպքում պետք է մարտական պատրաստականության բերի Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան, ինչը միանգամայն բնական ռեակցիա է իրավիճակի սրմանը։ 

«Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը: Պուտինի և Էրդողանի առաջիկա հանդիպմանը, կարծում եմ, այս հարցերը կքննարկվեն»,-ընդգծել է Զատուլինը: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կատարվում է, ուղղակիորեն չի ազդում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա, բայց դա Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանք է։ Ադրբեջանը և նրան աջակցող Թուրքիան ամեն ինչ անում են կարճ ժամանակահատվածում առավելագույն հնարավոր արդյունքների հասնելու համար: