Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Վարչապետը շնորհավորել է պարոն Ռիքերին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ողջունել նրա այցը տարածաշրջան: Կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ընդգծել է ԱՄՆ կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԽ համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը և վերջինիս փորձի օգտագործումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են ԼՂ հիմնախնդրին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին: Շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ: