Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամն
A A
Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկացնում է  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։  Ֆիլիպ Ռիքերին ուղեկցել են ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը հյուրին է նվիրել 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»