Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Թովմասյան
A A
Պաշտոնական

Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը․ Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել․

Սիրելի´ հայրենակիցներ Դարեր շարունակ արցախահայությունը, հենվելով իր պատմական երկարատև կենսափորձի վրա, կենաց ու մահու պայքար է մղել ՝ հանուն սեփական հայրենիքի, պետականության, ժողովրդի ազատության ու անկախության։ Այդ պայքարի բարձրակետը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը։

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Մեր ժողովրդի պատմության շրջադարձային այդ օրը հավաստիացում էր և΄ խորհրդային իշխանություններին, և΄ համայն քաղաքակիրթ աշխարհին, որ արցախցու՝ իր հայրենիքում ապրելու, հարատևելու կամքն անբեկանելի է, լուսավոր ապագայի կերտումը՝ անկասելի:

2020 թ.աշնանային պատերազմն իր ծանր հետևանքներով լրջագույն մարտահրավեր հանդիսացավ մեր ինքնության ու լինելիության համար: Շուտով լրանում է արյունոտ աշնան 2 տարին: Բայց պատերազմի պատճառած վերքերն ու կորուստների մորմոքող ցավերը դեռևս թաց են ու թարմ:

Չնայած անդառնալի մարդկային և տարածքային կորուստներին՝ Արցախն այսօր ապրում է, ապրում է մեր հազարավոր քաջարի զինվորների կյանքի գնով: Խոնարհումս նրանց սուրբ հիշատակին։ Արցախի Հանրապետության առջև ծառացած հիմնախնդիրները նոր մարտահրավերներին ընդառաջ տարաբնույթ են:

Ադրբեջանը ցայսօր, խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում։

Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորակազմը:

Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովրդի գոյությունն ու փրկությունը մշտապես պայմանավորված է համայն հայության համախմբվածությամբ, միակամութամբ և միասնականությամբ։

Արցախցու հոգեկերտվածքը այնպիսին չէ, որ ընկրկի դժվարությունների առջև: Մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը աներեր է, այն ոչ ոք չի կարող խաթարել: Մենք վճռական ենք մեր պայքարում։ Անսասան է իր պատմական հայրենիքում ապրելու, արարելու արցախցու կամքը։ Աստված ապավեն Արցախի Հանրապետությանն ու համայն հայությանը։ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին