Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով.

Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,

31 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ինքնորոշման իրավունքի կիրառմամբ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին։

Մեր հայրենակիցների այս որոշումը պատասխանն էր գոյութենական սպառնալիքի, որի դրսևորումներն էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը։ Այս որոշումը կայացվեց որպես երաշխիք արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության։

Անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան 1-ին պատերազմը, 4-օրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում կամ դրա մի հատվածում շարունակում են ապրել մեր հայրենակիցները, մնաց նույնը։ Եվ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։ Ըստ էության, սրանում է կայանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը։

Անտեղին են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները, և ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ։

Միջազգային հանրությունը պարտավոր է ջանքեր գործադրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հասցեագրմանը և թույլ չտալ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին։ Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղը մարմնավորող Մարդուն, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը:

Այսօր մենք խոնարհումով ենք հիշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության համար նահատակված մեր եղբայրներին ու քույրերին, և նրանց առաջ մեր պարտավորությունն է՝ ապահովել խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս: