Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Բերտրան Վենարը նշել է, որ այս օրերին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը, որի շրջանակում փորձել է ոչ միայն իր նպաստը բերել ուսանողներին որակյալ կրթություն տրամադրելու նպատակի իրագործմանը, այլ նաև աջակցել՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Ռեկտորը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները, կրթական նոր ծրագրերը և առաջիկա նախագծերը: Նախագահը շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար, մասնավորապես առանձնացնելով՝ համալսարանում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի կատարած աշխատանքը կշարունակվի նույն ոգով: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ներուժին և հեռանկարների շուրջ: