Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Ամերիկացի»-ն վերադարձել է Երեւան կարճ ժամանակով (տեսանյութ)

«Ամերիկացի» ֆիլմն արդեն հասանելի է  երեւանյան կինոթատրոններում։ Բայց, այն կինոէկրաններին է լինելու սահմանափակ օրեր, քանի որ սա ընդամենը նախնական ցուցադրությունն  է։

«Այս տարի «Ամերիկացի» ֆիլմով մեկնարկել է  «Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը, ինչը իսկապես շատ մեծ պատիվ էր մեր թիմի համար։ Հասկանալի էր, որ դրա շրջանակներում սահմանափակ թվով մարդիկ կարող էին դիտել ֆիլմը, իսկ մենք միայն դրական արձագանքներ էինք ստացել, ինչից ելնելով էլ որոշում կայացրինք, որ ֆիլմը պետք է էկրաններ բարձրանա, թեկուզ՝ նախնական դիտման», -ասաց «Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը:

Ի դեպ, հենց Նշանյանի ղեկավարած PEOPLE OF AR Productions ընկերության արտադրանքն է «Ամերիկացի»-ն։

«Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ։ Նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք։ Հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել»-ասաց Արման Նշանյանը:

Պրոդյուսերը մեզ հետ զրույցում ասաց, որ շուտով ֆիլմը ներկայացնելու են միջազգային կինոփառատոններում․

«Առաջիկայում մասնակցելու ենք Համբուրգի, ապա Նյու Յորքի կինոփառատոններին, այս շրջանում բանակցում ենք նաեւ մեկ այլ կինոփառատոնի մասնակցելու շուրջ: Մեզ համար առաջնային էր, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախ Հայաստանում տեղի ունենար։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանել ենք հենց այստեղ»:

Արման Նշանյանի խոսքով՝ ֆիլմն ավելի քան հայկական է, թեպետ աշխարհագրությունը ֆիլմի բավական մեծ է։

«Այն նկարահանել ենք Հայաստանում։ Նկարահանումները մեկնարկել էին  2020-ի փետրվարին, սակայն համավարակի թեժ օրերը սկսեցին, իսկ մեր ֆիլմի շատ դերասաններ, այդ թվում՝  Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից, պարզապես չկարողացան ժամանել Հայաստան»,-ասաց Արման Նշանյանը։։

 

Ի դեպ, ֆիլմի աշխարհագրությունն այդքանով չի ավարտվում․ նկարահանվել են նաև Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, խոսքը արտերկրից ժամանած դերասանների մասին է։ Հայաստանից ֆիլմում խաղացել են Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։

Արման Նշանյանը հրաժարվել է նկարահանվել ֆիլմում, քանի որ ըստ իրեն՝ կերպարային չէր համապատասխանում խորհրդային տարիները ներկայացնող ֆիլմին։  Նշենք, որ ֆիլմի ռեժիսոր Մայքլ Գուրջյանը և սցենարի հեղինակն է, և գլխավոր դերակատարը։ Նա ծանոթացել է Արման Նշանյանի հետ ընդհանուր մտերիմի միջոցով, որից հետո էլ որոշում են կայացրել նկարահանել այս ֆիլմը։

 «Էմմի» և «Ոսկե գլոբուս»  ստացած Մայքլ Գուրջյանը մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում։ Նա նկարահանվել է մի շարք ամերիկյան ֆիլմերում։

Հավելենք, որ  «Ամերիկացի»  ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:

Նշենք, որ «Ամերիկացի» ֆիլմը ցուցադրվում է «Կինոպարկ» եւ «Մոսկվա» կինոթատրոններում: