Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Երեւանի պատմական շերտը՝ շինհրապարակ (տեսանյութ)

Զբոսաշրջիկները հաճախ են հետաքրքրվում, թե որտեղ կարելի է գտնել Երևանի պատմության հետքերը։ Իսկ Երևանի պատմությունը միայն Էրեբունի արգելոց թանգարանը, կամ կենտրոնի հրաշքով փրկված սև տուֆի շենքերը չեն։

Երևանը ֆանտաստիկ ռեսուրս է զբոսաշրջության համար, -ասում է «Միհր վոյաժ» տուրիստական ընկերության համահիմնադիր Կարինե Փանոսյանը։

Ըստ նրա՝  ուղղակի պետք է կարողանալ համակարգված ներկայացնել  մայրաքաղաքը՝ սկսած Երևան 1 քարայրից։ 

Դալմայի այգիները՝ որոնց ակունքները տանում են Վանի թագավորության արքա Ռուսա Բ-ի գահակալության շրջան, միանշանակ կարող են համալրել ցանկը։ 

Դալմայի այգու մասին առաջին անգամ հիշատակվում է Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությունում, որը տեղադրված է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարևանությամբ։ Հնագույն ժամանակներից, Դալմայի այգիներում մշակվել է հազարից ավելի տեսակի խաղող։ Այգիները, սակայն, միայն խաղողով չէ, որ հայտնի են։ 

Դալմայի այգում հայտնաբերված 17-ից 19-րդ դարերին վերագրվող գինու հնձանները եզակի պատմամշակութային կառույցներ են, որոնք, այսօր ոչնչացման եզրին են։ Ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանը իրականացրել է կիսաքանդ հնձանների եռաչափ վերակազմությունը։ Նա համարում է որ հնձանները պետք է վերակառուցել, որից հետո նրանք դեռ կծառայեն այգեգործներին ու նաև կդառնան հետաքրքիր կոլորիտային վայր:

Խորհրդային տարիներին Դալմայի այգիներում մի քանի կոլտնտեսություն էր գործում։ Անկախության տարիներին կոլտնտեսական հողերը չսեփականաշնորհվեցին  պատճառաբանությամբ, որ այգիները պատմական հուշարձան են և չեն կարող տրվել քաղաքացիներին որպես սեփականություն։

Վերջին հանգամանքը, սակայն, չխանգարեց իշխանություններին հետագայում այդ նույն պատմամշակութային հուշարձանը մասնատել ու որպես սեփականություն բաժանել տարբեր  կառուցապատողների միջև։  Դալմայի այգիները տարիներ շարունակ մշակող վարձակալողների ձեռքից հողը խլվեց` պայմանագրերի ժամկետները դեռ չլրացած։ 750 հա կանաչապատ գոտուց մնաց միայն 256-ը։

Շուշանիկ Պողոսյանը, ինչպես ինքն է ներկայանում՝ տնտեսագետ- հաշվապահ և գյուտարար, այսօր այգու պահապաններից է, իր պահապաններն էլ երկու տասնյակ շներն են։ 

Այսօր կառուցապատման հետևանքով Դալմայի այգիներին փոխարինել են շենքերը, մայրուղիներն ու ժամանցի համալիրը, որի կառուցման շինարարական աշխատանքների ժամանակ, ի դեպ՝ ոչնչացվել է գինու հնձան։ Իսկ մայրաքաղաքը զրկվել է թթվածին ապահովող հսկայական տարածքներից:

 «Դալմա-Սոնա» կրթամշակութային, սոցիալ-բնապահպանական հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանի խոսքով, «Դալմայի այգիները Երևանի թոքերն են ու կառուցապատման միջոցով դրանց անխղճաբար ոչնչացումը անհետևանք չի մնա շրջակա միջավայրի և առողջության վրա: