Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաղաղապահներ
A A
Քաղաքականություն

ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախումբն արձանագրել է, որ օգոստոսի 3-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում:

«Արձանագրվում է իրավիճակի սրացում զորախմբի պատասխանատվության գոտում: Սարիբաբա բարձունքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը  ադրբեջանական ու հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- ասվում է տեղեկագրում:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է: