Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տկեն
A A
Տնտեսություն Պաշտոնական

Մինչ տարեվերջ Լարսի անցակետը ամբողջությամբ վերակառուցված կլինի․ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին, որոնց թվում էր ԱԶԲ տեղական ավագ փորձագետ Սթիվ Ալլենը։ Հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման Հարավային Կովկասում և դրանից դուրս ագրոպարենային ապրանքների մուլտիմոդալ բեռնափոխադրումներն էր, մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեյի նախագահ Միհրան Խաչատրյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանից դեպի Ռուսաստան, Վրաստան և Եվրոպա բեռնափոխադրումների իրականացման հայկական փորձն ու հնարավորությունները՝ ընդգծելով, որ մոտ ապագայում հայկական 2 ավիաընկերություններ կիրականացնեն ավիաբեռնափոխադրումներ, ինչպես նաև Կառավարության կողմից աշխատանքներ են տարվում Սև ծովով լաստանավերով բեռների փոխադրման ուղղությամբ։
Սթիվ Ալլենը ներկայացրել է «Հարավային Կովկասի դարպասներ» ծրագրի նախագիծը, որը միտված է տարածաշրջանում ներդրումների ավելացմանը, և անդրադարձել շուտ փչացող սննդի արագ տեղափոխման հնարավորություններին։
 
Արմեն Սիմոնյանը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության արդյունքում Լարսի անցակետի գործող 13 ուղիներին ավելացել են ևս 12-ը, և մինչ տարեվերջ անցակետը ամբողջությամբ վերակառուցված կլինի, որի արդյունքում օրական սպասարկվող տրանսպորտային միջոցների թիվը մի քանի անգամ կավելանա։
 
Ալեքսեյ Մելնիկովը իր հերթին նշել է, որ արագ փչացող ապրանքների փոխադրումը երկաթուղով տեխնիկապես հնարավոր կդառնա, երբ կլուծվեն մասնագիտացված շարժակազմի և համապատասխան սառցարանային համակարգի ներդրման հարցերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թեմայի վերաբերյալ այլ հարցեր ևս։