Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Արցախն այլևս Հայաստանինը չէ, որ զիջի կամ ծախի․ Արեգ Քոչինյան (տեսանյութ)

«Արցախի անվտանգության ապահովումն այլևս դուրս է Հայաստանի վերահսկողությունից, ինչը նշանակում է, Արցախի ապակայունացումը շատ հաճախ կարող է կապ չունենալ իր հետ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանն՝ անդրադառնալով երեկ Արցախի վրա Ադրբեջանի հարձակմանը։

Քաղաքագետի խոսքերով՝ Արցախն այսօր գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ «Բայց ռուսական խաղաղապահ ուժերն այնտեղ չեն գտնվում հայկական բնակչության անվտանգության կամ խաղաղության ապահովման համար։ Այնտեղ են ՌԴ շահերը սպասարկելու համար»,- հավելեց նա։

Ա․Քոչինյանի ներկայացմամբ, այժմ բանակցային սեղանին միայն ռուսական միջանցքի հարցն է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանը Նախիջևանին, ապա Թուրքիային կապող ճանապարհին, որին ադրբեջանական կողմը միջանցք է համարում։ Ա․ Քոչինյանը դա համարում է ռուսական միջանցք, այն պատճառով, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է, որպեսզի այն գտնվի հենց իր վերահսկողության տակ։

Ինչ վերաբերում է Իրանից հնչող մտահոգություններին, թե չեն հանդուրժի Հայաստանի հետ իրենց սահմանը փակելու քաղաքականությունը, ասում է, այդ երկիրն էլ իր հերթին է ցանկանում, որ Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային կապող ճանապարհը շարունակի անցնել իր տարածքով, որ վերահսկի ուղևորափոխությունը, բեռնափոխադրությունն ու էներգետիկ ռեսուրսների փոխադրումը։

 

Մանրամասները՝  տեսանյութում։