Կոնյակի սպիրտի տեղաշարժը կարգավորում են ապազգային խմբավորումները․ Ավագ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Rուս-ուկրաինական պատերազմի հետևանքով կիսամյակի տվյալներով գինու և կոնյակի արտահանումը 40 տոկոս անկում է ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով ոլորտի զարգացումներին։
Վերջինիս ներկայացմամբ պատերազմի առաջին օրերին նաև Ուկրաինայում կորավ արտահանված գինու և կոնյակի 8 տոկոսը։
Ա․Հարությունյանն ասում է՝ նախորդ իշխանությունների ժամանակ «կոնյակը ընտրում էր նախագահ, պատգամավոր, նշանակում վարչապետ»։ Այսինքն՝ կազմակերպելով խաղողի մթերումը՝ նախկին իշխանություններն ընտրությունների ժամանակ խաղողագործներից իրենց օգտին ձայներ էին կորզում։ «Նախորդ երկու կառավարողները մեզ ստիպում էին, որ ցանկացած գնով մթերենք գյուղացու խաղողը՝ անկախ հանգամանքից, կար դրա անհրաժեշտությունը, թե ոչ։ Դա ներքին քաղաքական գործիք էր»,- պատմում է նա։
Կոնյակը կամ կոնյակի սպիրտը, Ա․Հարությունյանի ներկայացմամբ, միշտ գտնվել է նաև տրանսազգային խմբավորումների համակարգման ներքո, այդ պատճառով էլ գործող իշխանություններին չի հաջողվել կասեցնել կեղծ՝ ոչ թե խաղողից, այլ սպիրտից կոնյակի արտադրությունն ու արտահանումը։ Իսկ դա վնասում է հայկական կոնյակի բարի համբավին։
«Մի պահ՝ 2018-2019թթ․ իշխանությունները փորձեցին կասեցնել այդ գործընթացը, բայց հետո տեղի տվեցին, և արգելակման մեխանիզմները մեղմացան: Սա տրանսազգային ազդեցության ոլորտ է, ապազգային ճնշումներ կան։ Կոնյակի սպիրտի տեղաշարժը երկրից երկիր կարգավորում են ապազգային խմբավորումները»,- ասում է Ա․Հարությունյանը։
Վերջինս անդրադարձ կատարեց նաև Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներին և հավելեց, թե ռուսական կապիտալ է ներմուծվել Հայաստան, և դա արվել է ոչ թե նրա համար որ ցանկանում են ներդրումներ կատարել այստեղ կամ սիրում Հայաստանը, այլև դա նրանց գումարների փրկության տարբերակներից մեկն էր․ «Ծրագրավորողները եկածների փոքր մասն են, իրականում շատ ավելի խորքային գործընթացներ են գնում՝ մեծ ներդրումային ծրագրեր են սկսվում, ցավոք՝ ոչ երկարաժամկետ։ Եվ աղետալի կլինի մեր տնտեսության համար, երբ այդ գումարները դուրս հանեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։