Բացել լրահոսը Փակել լրահոսը
օրբելի 23
A A
Քաղաքականություն

Զինվորական հիվանդանոցը կդառնա բիզնես կենտրոն․գնորդը հայտնի է

Հուլիսի 28-ին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեում ստեղծված մրցութային հանձնաժողովն ամփոփել է ՀՀ ք. Երևան, Օրբելի 23 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 6 հայտ։
 
Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկությունների ամփոփման արդյունքում առավելագույն կշռային գործակից հավաքած, մրցույթի պահանջներին բավարարող հայտատու և մրցույթի հաղթող է ճանաչվել «ՌԵՆՇԻՆ» ՍՊԸ-ն։
 
Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Օրբելի 23 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով 5 տարիների ընթացքում վճարել 7 մլրդ 100 մլն ՀՀ դրամ (հավասարաչափ) և կատարել 71 մլրդ ՀՀ դրամի ներդրում՝ տարածքում հասարակական նշանակության կառույցի ստեղծման համար, որը ներառելու է բիզնես կենտրոն, առևտրահասարակական և ժամանցի տարածքներ, պուրակներ, հյուրանոցային համալիր, մանկական զարգացման կենտրոն և այլն։
 
Հիշեցնենք, որ խոսքը նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինության մասին է։
 
Կառավարությունը 2020թ հուլիսի 30-ին որոշել էր  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Արաբկիր, Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները եւ դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով եւ 0.004359հեկտար մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասն օտարել մրցույթով: