Պարզվեց՝ քաղաքապետարանը ավազակների կողմից է․ Հարություն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետն ու քաղաքապետարանը անտեսում են Վարչական դատարանի որոշումը, որով կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը՝ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
Հակառակ մայիսին կայացված դատական ակտին, շինարարությունը շարունակվում է, մասնավորապես՝ բետոնապատման աշխատանքները, որի ընթացքում կատարվել է նաև ծառահատում։
«Երեկ քաղաքապետին տեսա Կինոյի տանը, եկել էր Միքայել Պողոսյանի ֆիլմը նայելու, ասացի, որ հանցագործություն է, երբ Մալյան թատրոնի ու Կինոյի տան կողքին կառուցում եք գարեջրատուն»,- ասաց Կինոգործիչների միության նախագահն ու հավելեց, որ նամակ են ուղղել ՀՀ վարչապետին և սա իրենց վերջին հույսն է։
Ասուլիսից հետո, երբ լրագրողներին հրավիրեցին Կինոյի տան ներքին բակ՝ ցույց տալու արդեն բետոնապատած տարածքը, տեղի ունեցավ միջադեպ։
«Հենց հիմա լքեք տարածքը, սա իմ սեփական տարածքն է և շինարարությունն էլ կասեցված չի»,- բարձր տոնով դիմեց կինոգործիչներին սեփականատեր ներկայացած Հրաչյա Ատոմյանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կդիմի ոստիկանություն։
Երբ Կինոգործիչների միության փաստաբանը փորձեց ապացուցել, որ ըստ դատարանի որոշման՝ դա իրենց տարածքն է, սեփականատեր ներկայացող անձը ցույց տվեց մեկ այլ որոշում, ըստ որի շինարարությունը կասեցված չի, որի մասին, պարզվում է, փաստաբանը չգիտեր։
«Կարծում եմ՝ համոզվեցիք, որ սա հանցագործ խմբավորում է, որի մեջ մտնում է նաև քաղաքապետարանը,- միջադեպից հետո լրագրողներին ասաց Հարություն Խաչատրյանը։
Նրա բառերով՝ մնում է միայն դիմել միջազգային ատյանների, քանի որ այլևս հույս չունի, որ քաղաքապետարանը ուշքի կգա, քանի քաղաքապետը նույնն է։
Մանրամասները տեսանյութում