Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրդողան
A A
Քաղաքականություն

Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հարցի լուծումից հետո միայն կբացենք Հայաստանի հետ մեր սահմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը խոսել է թուրքական «TRT»-ին տված հարցազրույցում։

«Երկու երկրների կրոնական տոների շրջանակներում հեռախոսազրույց ենք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ փոխանցել ենք մեր փոխադարձ շնորհավորանքները։ Իհարկե, մենք խոսել ենք նաև մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն էր։ Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հարցի լուծումից հետո միայն կբացենք մեր սահմանը։

Ուրախ էի նաև լսել, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության առումով մեզ հետ կիսում է նման մտքեր։

Հիմա մենք ակնկալում ենք, որ նրանք (Հայաստանը-խմբ.) խոսքից զատ կոնկրետ քայլեր կձեռնարկեն։ Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մենք նաև լիարժեք նորմալացման և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակ ունենք»,-ասել է Էրդողանը՝ կրկին շեշտադրելով, որ Թուրքիան Հայաստանի հետ գործընթացը մշակում է Ադրբեջանի հետ համաձայնեցված։