Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ալիևը չի էլ թաքցնում, որ կհարձակվի Սյունիքի վրա․ Բենիամին Պողոսյան (տեսանյութ)

«Ադրբեջանը բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ եթե Հայաստանը երկու, առավելագույնը երեք տարիների ընթացքում չկատարի ստանձնած պարտավորությունները կամ իր պահանջները, ապա մտադիր չէ սպասել 26 տարի, ինչպես սպասել է 1994-ից հետո։ Խոսքը վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՛ Արցախից վերջնական հրաժարմանն ու Արցախի հայաթափմանը, թե՛ Սյունիքի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհների գործարկմանը։ Ասում են՝ այս անգամ մեր համբերությունն առավելագույնը կհերիքի 2-3 տարի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Վերջինս համոզված է, որ եթե ռազմական գործողություներ սկսվեն, մենք արևմտյան մեր գործընկերներից որևէ աջակցություն չենք ստանա։ Միակ պետությունը, որ դա կարող է թույլ չտալ կամ Ադրբեջանի հետ մտնել ռազմական գործողությունների մեջ, ՌԴ-ն է։ Բայց սահմանափակ ներխուժման դեպքում ՌԴ-ից ռազմական պատասխան չի լինի, քանի որ Ադրբեջանն էլ ՌԴ-ի համար բավականաչափ կարևոր պետություն է։

«Եթե ամբողջ մարզի վրա է օպերացիա սկսում, որի նպատակը Մեղրիից մինչև Տիգրանաշենն  է, ՌԴ-ն դա դժվար թե թույլ տա։ Ադրբեջանի նախագահը բազմիցս է հայտարարել, որ եթե հայերը չմոռանան Արցախի մասին, ապա իրենք կհիշեն Սյունիքի մասին։ Եթե առաջիկա 1,5-2,5 տարիներին Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմանները, ապա նոր պատերազմ է սկսվելու, և Ալիևը չի էլ թաքցնում, որ կհարձակվի Սյունիքի վրա»,- ասում է քաղաքագետը։

Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր կառուցվելիք ճանապարհին՝ Բենիամին Պողոսյանն ասում է՝ Ադրբեջանը թույլ չի տա, որ այդ նոր ճանապարհով անցնեն գազամուղը, էլեկտրաէներգիայի և ինտերնետի գծերը, իսկ դա նշանակում է, որ Արցախը հարկադրված է լինելու դրանք ստանալ Ադրբեջանից կամ ընդհանրապես չունենալ։

Քաղաքագետը նաև հավելում է, որ ՌԴ-ին պետք է, որ Արցախում ապրեն որոշակի քանակությամբ հայեր և Արցախում լինեն ռուսական զորքեր։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը մինչև սեպտեմբեր ամբողջությամբ դուրս կհանի իր զորքերն Արցախից, ասում է, դա նորություն չէ։

«Բայց նորությունն այնն էր, որ պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ-ից նույնիսկ պայմանագրայինները չեն գնա Արցախ։ Հայաստանի կողմից նոր զիջումն այն է, որ Ադրբեջանին խոստանում է, որ ՀՀ քաղաքացիները նույնիսկ որպես պայմանագրային զինծառայող չեն մեկնի Արցախ»,- հավելում է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։