Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karlsen
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը հրաժարվեց ռուս շախմատիստի հետ վիճարկել աշխարհի թագը

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հրաժարվել է կրկին հանդիպել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ աշխարհային թագի համար մրցախաղում: Ինչպես նշում են լրատվամիջոցները, նորվեգացի գրոսմայստերն այդ մասին արդեն տեղեկացրել է շախմատի միջազգային ֆեդերացիային` ՖԻԴԵ-ին:

«Մենք փոքրիկ քննարկում ունեցանք... Այնուամենայնիվ, իմ որոշումը դեռ մնում է ուժի մեջ։ Այն ձեռնտու է ինձ: Ես երկար եմ մտածել դրա մասին, ավելի քան մեկուկես տարի։ Ես խոսեցի իմ թիմի մարդկանց, ՖԻԴԵ-ի ղեկավարների, Յանի հետ և ասացի, որ աշխարհի առաջնության համար ևս մեկ խաղ խաղալու մոտիվացիա չունեմ» - ասել է Մագնուս Կառլսենը, որն արդեն չորս անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ավելի վաղ նորվեգացի շախմատիստը նշել էր, որ կհամաձայնի խաղալ աշխարհի չեմպիոնական մրցախաղում, եթե հավակնորդների մրցաշարում հաղթի իրանական ծագումով ֆրանսիացի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան։

Ըստ ՖԻԴԵ-ի մրցակարգի, աշխարհի գործող չեմպիոնի հրաժարականի դեպքում աշխարհի թագը պետք է վիճարկեն հավակնորդների մրցաշարի հաղթողն ու երկրորդ տեղը գրաված շախմատիստը, այսինքն` Յան Նեպոմնյաշչին պետք է հանդիպի չինացի Դին Լիժենի հետ: