Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահին (տեսանյութ)

Հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. վարչապետը՝ Բունդեսթագի փոխնախագահին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների կարևորությունը, որոնք վերջին շրջանում դինամիկ զարգանում են և՛ գործադիր, և՛ խորհրդարանական, և՛ տարածքային կառավարման մակարդակում: Վարչապետի խոսքով՝ հայ-գերմանական գործընկերությունը խարսխված է քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային հետաքրքրությունների վրա. «Հայաստանը՝ որպես 2018թ. խորհրդարանական կառավարման անցած երկիր, հետաքրքրված է պառլամենտարիզմի կայուն ավանդույթներ ունեցող Գերմանիայի հետ փորձի փոխանակմամբ: ԳԴՀ-ն ՀՀ խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է ԵՄ-ում: Կարևորում ենք համատեղ տնտեսական ծրագրերը, ինչպես նաև աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին», - նշել է վարչապետ Փաշինյանը: Բունդեսթագի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար և շնորհավորել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար ՀՀ քաղաքացիների քվեն ստանալու կապակցությամբ: Կատրին Գյորինգ-Էքարդն ընդգծել է՝ ժողովրդավարությունն ու պառլամենտարիզմը նպաստում են անվտանգությանը, կայունությանն ու զարգացմանը, և Գերմանիան հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ամրապնդմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և այլն: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ: Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և աջակցում է այդ ուղղությամբ Հայաստանի քայլերին: Կարևորվել են համատեղ ջանքերը քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ: ՀՀ-ԳԴՀ տնտեսական օրակարգի համատեքստում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Հեռանկարային են համարվել արևային էներգետիկայի, տեխնոլոգիաների ոլորտներում ծրագրերը: Այս համատեքստում վերահաստատվել է փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Նիկոլ Փաշինյանը և Կատրին Գյորինգ-Էքարդը նշել են Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: