Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ժողովուրդը կարծես հիպնոսացված է կամ լեթարգիկ քնի մեջ․ Ստեփան Անդրանիկյանի օրագրերը (տեսանյութ)

«Ես զարմանում եմ,- ասում է  նկարիչ  Ստեփան Անդրանիկյանի կրտսեր դուստրը՝ Մարինան,- հայրիկն ինչպես էր այդքան զբաղված լինելով, կարողանում ժամանակ գտնել մեզ համար»։

Ստեփան Անդրանիկյան գեղանկարիչը ստեղծել է հիասքանչ նատյուրմորտներ, բնության պատկերներ ու ժամանակակիցների դիմանկարները։

Ստեփան Անդրանիկյան բեմադրող նկարիչը ավելի քան 40 տարի աշխատել է «Հայֆիլմ» կինոստոդիայում, մասնակցել երեք տասնյակից ավելի խաղարկային ֆիլմերի ստեղծմանը, որոնց թվում «Նռան գույնը», «Տժվժիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Հեղնար աղբյուր», «Ճանապարհ դեպի կրկես»։

Ստեփան Անդրանիկյան ժամանակագիրը 1946-ից օրագիր էր պահում, գրի առնում օրվա անցուդարձն ու մի օր որոշեց օրագիրը դարձնել հուշերի գիրք, որտեղ տեղ են գտել մշակույթի և արվեստի հայտնի գործիչների և մտերիմների մասին նրա հիշողություններն ու ժամանակագրությունը։

 Սկզբնական վերնագիրն ուրիշ էր,- նշում է նկարչի ավագ դուստրը՝ Կարինան, որն, ի դեպ, օգնում էր հորը գիրքը հրատարակել, հետո, հայրիկի հետ քննարկեցին ու փոխեցին։

ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի «Հուշեր կյանքի տևողությամբ» գիրքը, ցավոք հրատարակվեց հետմահու, երկու տարի առաջ, իսկ գրքի շնորհանդեսը կայացավ երեկ երեկոյան Փարաջանովի թանգարանում:

«Մարդկությունը հոգնել է իր ժամանակակից քաղաքակրթությունից»,- գրել է նկարիչն իր օրագրում 1989-ին։ Իսկ արդեն տաս տարի անց իրականությունը բնութագրել է որպես տարօրինակ ու անհասկանալի ժամանակներ։

«ժողովուրդը կարծես հիպնոսացված է կամ լեթարգիկ քնի մեջ։ Կարծես ամեն ինչ ինքնահոսի է մատնված իշխանությունների կողմից․․․ բայց ինչո՞ւ հենց մենք, ինչո՞ւ մեզ հետ այս ամենը պետք է կատարվի․․․»։