Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, Պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, Ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության շրջանակում Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների նոր մոդելը: Մանրամասներ են ներկայացվել մարզային վարչությունների վերակազմակերպման վերաբերյալ, անդրադարձ է արվել տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանը, կառուցվածքին և գործառույթներին առնչվող հարցերի: Վարչապետը նշել է, որ Ոստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ ավելի օպտիմալ կառուցակարգեր, կրկնվող գործառույթների բացառում և աշխատավարձերի բարձրացում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս տրամաբանության ներքո՝ ընդգծելով թվայնացման օրակարգի և պետական մարմինների փոխգործելիության կարևորությունը:

Նիստում քննարկվել է նաև բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդում տալու կարգի կիրարկման ընթացքը, ներկայացվել է համապատասխան վիճակագրություն: Մտքեր են փոխանակվել համակարգի կիրառման ընթացակարգերի պարզեցման շուրջ: Այս առումով, վարչապետ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ: