Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ներկայացվել է «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել են Երևանի բուսաբանական այգու տարածքում՝ արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետին են ներկայացվել «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման: Նշվել է, որ նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի և հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային ուղիներ, աստիճանավոր կասկադ, իսկ գագաթնակետը լինելու է հայրենիքի համար նահատակված հերոսների կյանքը խորհրդանշող հատվածը:

Կառուցվելու է ոռոգման ամբողջովին նոր համակարգ, որը սպասարկելու է ողջ Բուսաբանական այգու կարիքները: Խորհրդակցությանը քննարկվել են նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ենթակառուցվածքային լուծումներին, շարժման երթուղիների կազմակերպմանը և հասանելիությանը, միջավայրի կահավորմանը, ծառապատման խտությանն ու կենսաբազմազանությանը և այլ թեմաների: Ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտարկումներ: Քննարկման առարկա է եղել նաև Բուսաբանական այգու բարեկարգման խնդիրը:

Այս համատեքստում Կառավարության ղեկավարն առաջարկել է սկսել «Կյանքի պուրակի» կառուցապատման աշխատանքները և զուգահեռ մշակել Բուսաբանական այգու զարգացման ծրագիրը՝ որպես միմյանց փոխլրացնող ու շարունակող նախագծեր: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Կենաց պուրակի» նպատակը կյանքի գնահատումն է, արցախյան բոլոր պատերազմների նահատակների ներկայության խորհրդանշումը, և ճարտարապետական լուծումներն ամբողջությամբ պետք է բխեն հենց այս տրամաբանությունից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բուն պուրակի տարածքում առևտրային որևէ գործունեություն պետք է բացառվի: Վարչապետ Փաշինյանը հանձնարարարել է սկսել աշխատանքները՝ ի գիտություն ընդունելով քննարկված առաջարկներն ու գաղափարները: