Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հաց բերող
A A
Քաղաքականություն

5 տարի առաջ մահացած «Հաց բերող»-ի գործը միացվել է «Սասնա ծռեր»-ին

2017թ –ին մահացած  Արթուր Սարգսյանի («Հաց բերող»)  գործը միացվել է «Սասնա ծռեր»-ի գործին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

   Գործը կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը։   Ըստ կենդանության օրոք հարուցված գործի՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: 

 «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր 2016 թ  հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: Սակայն  6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը։ Փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորել էին ՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»։ Ի նշան բողոքի՝ 25 օր շարունակ Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել, որից հետո նրա խափանման միջոցը կրկին  փոխվել էր։ Դրանից մի քանի օր հետո՝  2017թ մարտի 16-ին, Արթուր Սարգսյանը հիվանդանոցում մահացել էր։

 Ինչո՞ւ է շարունակվում  դատավարությունը ամբաստանյալի մահվանից հետո։

 Արթուր Սարգսյանի եղբայրը դեմ է  եղել, որ մահվան հիմքով  քրեական հետապնդումը դադարեցվի։  Նույն  գործով ամբաստանյալ Վարդան Գերավետյանը նշում է՝ Արթուր Սարգսյանի մասով շատ բան ունի ասելու։

  «Ինձ համար տարօրինակ է, ինչու է նրան այդպիսի մեղադրանք առաջադրվել»,- ասում է Վարդան Գերավետյանը։

   Իսկ բուն գործով մեղադրողը դեռ ընթերցում է մեղադրական եզրակացությունները։ Ըստ Վարդան Գերավետյանի՝  եթե որեւէ բան չի փոխվելու, հաշվի չեն առնվելու նոր ընդունված «Քրեական օրենսգրքի» փոփոխությունները, ապա ավելի լավ կլինի նախադեպային որոշում կայացնել, եւ, առանց դատաքննության,  բոլորին դատապարտել։

  Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» անդամների մի մասով դատավճիռն մտել է ուժի մեջ, եւ նրանք դատապարտվել են 8 տարի 6 ամսվանից մինչեւ 25 տարվա ազատազրկման։