Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ընդգծել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի ինստիտուտի կարևորությունը (տեսանյութ)

Հուլիսի 16-ին Թբիլիսում Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Կողմերը քննարկել են այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետն առ այն, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, և այս համատեքստում ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան։

ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտել է հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը։ Արձանագրվել է շփումները շարունակելու կողմերի պատրաստակամությունը: