Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Քանի որ պետական կոլեկտիվը ճակատին ինչ-որ մեկի անունն ունի՝ ուրեմն անձեռնմխելի է․ ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ)

««Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչը կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

Նրա խոսքով՝ միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները, իսկ վարչական հաստիքների կրճատման շնորհիվ հնարավորություն կընձեռվի առավել հավասարակշռված քաղաքականություն վարել,  բարձացնել կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից:

Կազմակերպություններում կգործի ադմինիստրատիվ և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակազմ, որը կապահովի ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող վեց ստեղծագործական կազմակերպությունների համերգային գործունեությունը, կկարգավորի դրանց տոմսային քաղաքականությունը, կզբաղվի կազմակերպությունների գովազդով։

Փոխնախարարը համոզված է, որ այս միաձուլումը և նոր քաղաքականությունը կնպաստի ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը բարձրացնելուն։

«Ես իմ նշանակման պահից խոստացել եմ, որ որևէ որոշում չի լինելու կաբինետի ներսում և այս հարցը ևս քննարկվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ, համույթների ղեկավարներն էլ չեն առարկում»,- ընդգծեց պարոն Խզմալյանը և հավելեց․ «Ինչու չենք խոսում այն մասին, որ ոչ պետական համույթներ կան, որոնք գործում են շատ ավելի արդյունավետ, սակայն քանի որ պետական կոլեկտիվը ճակատի վրա ունի որևէ մեկի անունը և հիսուն տարվա ստաժ՝ անձեռնամխելի է»։

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս երեք ստեղծագործական խմբեր, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ի համակարգմամբ՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը», «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթը» և Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը:

Ի դեպ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 22-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։