Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik (3)
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի այս տարվա չեմպիոն Երևանի «Փյունիկը» հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը:

Փյունիկցիները պատասխան խաղում հյուրընկալվելիս գերկամային հաղթանակ տարավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» նկատմամբ. 1:1 հիմնական ժամանակում,  2:2` լրացուցիչ ժամանակում, 4:3` 11 մետրանոց հարվածաշարում:

Հարկ է նշել, որ մեր թիմն անհաջող սկսեց հանդիպումը և շատ արագ գոլ բաց թողեց, սակայն համբերատար սպասեց իր շանսին և խաղավերջում անկյունայինից հետո հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ սերբ պաշտպան Զորան Գայիչը:

Լրացուցիչ ժամանակը ընթացավ նույն սցենարով: Տանտերերը կրկին արագ գոլ խփեցին, իսկ վերջում սերբ ֆուտբոլիստը դարձյալ վերականգնեց հավասարությունը: Միակ տարբերությունն այն էր, որ «Փյունիկը» ավելի շուտ կարող էր խփել պատասխան երկրորդ գնդակը, սակայն 109-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը չկարողացավ իրացնել 11 մ հարվածը:

Նա իր սխալն ուղղեց արդեն այն ժամանակ, երբ թիմերը սկսեցին իրացնել ետխաղյա 11մ հարվածները: Հովհաննես Հարությունյանը և նրա թիմակիցներն չվրիպեցին 11մ նշանակետից, իսկ ահա մեր դարպասապահ Դավիդ Յուրչենկոն նախ իր վստահ կեցվածքով մրցակցին ստիպեց վրպել, ապա ետ մղեց ռումինացիների 5-րդ հարվածը:

Այդպիսով, փյունիկցիները դրսևորեցին կամային բարձր հատկանիշներ և չընկրկեցին համեմատաբար բարձր կարգ ունեցող թիմի առաջ: Դա նշանակում է, որ Հայաստանն իրոք արժանի չեմպիոն ունի, որը չի վախենում մրցակիցներից և պայքարում է մինչև վերջ:

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն ընթացիկ փուլում հաղթել է ալբանական «Տիրանային»` 1:0, 2:1: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, Երևանում: