Էդ արձանը ո՛չ զինվորի կյանքն է փրկելու, ո՛չ էլ մեր երկիրը․ երկրաբան
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած շաբաթ Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ նախնական գնահատականը դրական է։ Այս հայտարարությունից երկու օր անց՝ շաբաթ օրը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Զուրաբ Բոլոլիկաշվիլին, ինչպես նաև դրսից ժամանած մի խումբ լրագրողներ այցելեցին Հատիս լեռան բարձունք, որտեղ հանդիսավոր կերպով ազդարարվեց Քրիստոսի արձանի կառուցման մեկնարկը, բայց Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը ոչ միանշանակ ընդունվեց հայ հանրության կողմից։
Կարծիքներ հնչեցին, որ Հատիսը հանգած հրաբխային սար է, այնտեղ շինարարական աշխատանքները ռիսկեր են պարունակում և այլն։ Պարզելու համար, թե ինչ երկրաբանական վտանգներ է պարունակում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը սարի գլխին՝ «Ա1+»-ը զրուցել է երկրաբան Վահրամ Մկրտչյանի հետ։
«Երկրաբանական առումով արձանի տեղադրումը առանձնապես վտանգավոր չէ։ Ուղղակի Հատիսը լեռնագնացության, տուրիզմի զարգացման վայր է, որտեղ մարդիկ ոտքով բարձրանում են։ Բնության համար է վտանգավոր»,- նկատում է երկրաբանը:
Նրան զարմացնում է այս նախաձեռնությունը.
«Հայաստանի առջև ծառացած ավելի կարևոր խնդիրներ կան։ Օրինակ՝ դիրքերի կահավորումը, իսկ սարերի բլուրներին 4-5 կիլոմետր երկարությամբ էլեկտրաէներգիա են անցկացնում, որ խաչի վրա լույս վառեն։ Հիմա էդ արձանը ո՛չ զինվորի կյանքն է փրկելու, ո՛չ էլ մեր երկիրը»։
Վահրամ Մկրտչյանը հիշում է, թե ինչպես էին բնապահպաններն այս կամ այն հանքն աշխատեցնելու համար իրենց դժգոհությունները հայտնում՝ օրինակ բերելով ապոլոնյան թիթեռների գոյության վտանգը։
«Իսկ Հատիսի վրա քանի՞ ապոլոնյան թիթեռներ, բզեզներ են թռնում։ Այ սրա մասին լռում են բնապահպանները»,- վրդովվում է երկրաբանը և նշում, որ մենք մեր ձեռքով մեր պատմությունը ոչնչացնում ենք, հետո սկսում ինչ-որ նոր բաներ հորինել։
Զբոսաշրջության զարգացման առումով էլ երկրաբան Վահրամ Մկրտչյանը շեշում է, որ Հայաստանում կան շատ վայրեր, որտեղ զուրկ են անգամ զուգարաններից, ավտոկայանատեղիից և այլն։
Հիշեցնենք՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը դեմ է արտահայտվել Հայ առաքելական եկեղեցին՝ նշելով, որ «այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»։ Այս որոշումն ընդունել է Գերագույն հոգևոր խորհուրդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ: