Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga (4)
A A
Սպորտ

«Փյունիկ» - «Կլուժ». Հայաստանի 26-րդ մեկնարկը չեմպիոնների լիգայում

Այս տարի լրանում է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հիմնադրման 30-ամյակը: 1992 թվականին մրցաշարի առաջին խաղարկությանը մասնակցել են ընդամենը 8 թիմ: Այժմ դրանց թիվը հասնում է 32-ի: Սակայն, մինչև չեմպիոնների լիգայի խմբային փուլը մտնելը թիմերը մասնակցում են որակավորման փուլերին:

Հայաստանի ակումբներն արդեն 25 անգամ են մասնակցում չեմպիոնների լիգային: Ավաղ, մեր թիմերն որակավորման 2-րդ փուլից ավելին դեռևս չեն հաղթահարել:

Երևանի «Փյունիկը», որը 12 անգամ է մասնակցել եվրոպական ակումբների գլխավոր մրցաշարին, միայն 5 անգամ է կարողացել անցնել առաջին արգելքը: «Ալաշկերտը» դա արել է 3 ամգամ, ընդ որում 4 փորձից: «Շիրակը» ևս մեկ անգամ հաղթել է անդրանիկ մրցակցին, սակայն դա եղել է նախնական փուլում: Իսկ ահա «Երևանը», Արարատի «Ցեմենտը», «Բանացը», «Ուլիսը» և «Արարատ-Արմենիան», այդպես էլ չեն կարողացել նվաճել որակավորման 2-րդ փուլի ուղեգիր:

Մեր թիմերն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում ընդհանուր առմամբ անցկացրել են 67 հանդիպում, որոնցում տարել են 14 հաղթանակ, կրել 38 պարտություն, 15 հանդիպում ավարտել են ոչ-ոքի: Գնդակների հարաբերությունը` 54-105:

Այսօր Երևան «Փյունիկը» 26-րդ անգամ Հայաստանը կներկայացնի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում: Այս տարվա մեր ուժեղագույն թիմը սեփական դաշտում կընդունի Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»:

Փյունիկցիներն այս մրցաշարում վերջին անգամ հանդես են եկել 2015 թվականին, երբ երկու խաղերի արդյունքներով զիջել են նորվեգական «Մյոլդեին»` 0:5, 1:0: Իսկ ահա «Կլուժը» 2018 թվականից սկսած մշտապես մասնակցել է չեմպիոնների լիգայի որակավորման փուլին:

2019թ ռումինական ակումբը հասել էր մինչև փլեյ-օֆֆ, սակայն պարտվել էր չեխական «Սլավիային»` 0:1, 0:1: Նախորդ խաղարկությունում «Կլուժը» հաղթահարել էր առաջին երկու փուլերը, սակայն երրորդում զիջել էր շվեյցարական «Յանգ Բոյզին»` 1:1, 1:3: Այնուհետև թիմը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում զիջել էր սերբական «Ցրվենա Զվեզդային», որից հետո տեղափոխվել էր Կոնֆերենցիաների լիգա: Այստեղ այն իր խմբում զբաղեցրել էր վերջին` 4-րդ տեղը:

Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Կլուժ» խաղը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է: Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում Ռումինիայի չեմպիոնին: