Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները․ Միրզոյան (տեսանյութ)

ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացմանը.

 

Հարգելի՛ պարոն Վերմա,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բոլոր մասնակիցներին:

Հարգելի՛ գործընկերներ, 

Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: Այս առումով ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում, ինչը նպաստում է Հնդկաստանի հեղինակության բարձրացմանը համաշխարհային ասպարեզում։ Հայաստանը նաև բարձր է գնահատում Հնդկաստանի կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերություններն ու փոխադարձ աջակցությունը շարունակում են ամրապնդվել, իսկ միջպետական կապերը՝ ընդլայնվել և խորանալ։ Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Պետք է փաստել, որ թեև բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստից, սակայն հատկապես վերջին շրջանում մենք մեծ աշխատանք ենք կատարել երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ։ Տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, առկա է ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների շրջանակներում, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։

Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, նախարար Ջայշանկարը շատ կարևոր այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ, որը մենք նպատակամղված կերպով կյանքի ենք կոչում։ Ի վերջո, այս տարվա ապրիլին տեղի ունեցավ հայկական պատվիրակության մասնակցությունը «Raisina Dialogue» համաժողովին, որի շրջանակներում ես նաև հանդիպումներ անցկացրեցի Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը լավ հնարավորություն ընձեռեց՝ շարունակելու մեր երկխոսությունը: Մեծապես կարևորում ենք այն հանգամանքը, որ ապրիլին տեղի ունեցած այցի ընթացքում մենք բավականին լուրջ տնտեսական օրակարգով էինք գնացել Հնդկաստան՝ կազմակերպելով բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում և այսպիսով զգալիորեն խթանելով մեր երկրների գործարար շրջանակների շփումները:

Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021թ-ին այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016թ-ի շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, այս թվերը դեռևս չեն արտացոլում մեր երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում առաջիկա տարիներին:

Կարծում եմ, որ մեր հնդիկ գործընկերները կհամաձայնեն, որ մենք անելիք ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության,կրթության  բնագավառներում մեր համագործակցությունը զարգացնելու համար: Նշեմ նաև, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան,զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են մեր երկու երկրների համար:

Այս ուղղություններով տարվող շարունակական քննարկումները կվերածվեն գործնական պայմանավորվածությունների և նոր հնարավորությունների մեր կառավարությունների ու գործարարների համար:

Ցանկանում եմ անդրադառնալ նաև Հնդկաստանի կառավարության օժանդակությանը՝ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման նպատակով։ Դրանց շարքում հատկապես կուզեի նշել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հնդկաստանի կողմից տրամադրվող տեխնիկական օգնությունը, մասնավորապես՝ Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, մարզային երկու դպրոցներում համակարգչային դասարանների բացումը։ Այս օժանդակությունը իսկապես նպաստում է Հայաստանի երիտասարդ մասնագետների և դպրոցականների կրթությանը:

Մենք արդյունավետորեն հագործակցում ենք նաև տարածքային զարգացման բնագավառում: Այս առումով ողջունելի է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» հուշագրի ստորագրումը, որը տեղի կունենա մեր նիստի ավարտին։

Կցանկանայի նաև ընդգծել հումանիտար բնագավառը: Այն ներառում է թե´ կրթական, թե´ մշակութային ծրագրեր: Հայաստանում ուսանում է շուրջ 2200 հնդիկ ուսանող, հիմնականում բժշկական մասնագիտություններով, և այստեղ էլ, արդեն քննարկեցինք՝  հնարավորություն կա բարելավելու և ընդլայնելու փոխանակումների ծրագրերը։

Երկու բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ կարևորություն ունի նաև մշակութային համագործակցությունը։ Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունենք Հնդկաստանում, որը գտնվում է պետական հոգածության ներքո, ինչի կապակցությամբ երախտապարտ ենք Հնդկաստանի կառավարությանը։ Աշխատանքներ ենք տանում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակաները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Վստահ եմ, որ այս նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկելու հայ-հնդկական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ և նախանշելու մեր փոխգործակցության զարգացման համար նոր ուղղություններ:

Ամփոփելով խոսքս՝ ևս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ և մաղթում մեզ արդյունավետ աշխատանք: