Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միասնական-քննությունների.
A A
Պաշտոնական

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը.

● «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
● «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5
● «Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6
● «Մաթեմատիկա» – հուլիսի 7
● «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի 8
● «Քիմիա», «Ռուսերեն» – հուլիսի 9:

Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։
Նշենք, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ը` ներառյալ:

Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝

● օտարերկրացիները և երկքաղաքացիները,
● օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
● 2022 թվականի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
● առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:

Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։

Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`

• 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական և/կամ կենտրոնացված քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Ներբուհական քննություն հանձնող դիմորդները քննության համար նախատեսված գումարը (1500 դրամ) պետք է մուծեն քննությունը կազմակերպող բուհի հաշվեհամարին։ Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» 89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։

Երկրորդ փուլի դիմորդների միասնական քննությունների անցաթղթերը Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կփոխանցվեն առանձնացված դպրոցներ, ինչպես նաև կուղարկվեն դիմորդի էլեկտրոնային հասցեին: