Բացել լրահոսը Փակել լրահոսը
289841150_10158878091801408_1795590716922998504_n
A A
Պաշտոնական Հասարակություն

Վատիկանում հանդիպել են Կաթոլիկ եւ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչները

Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ժողովին մասնակցում էին Կաթողիկոսության Քրիստոնեական դաստիարակության բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշգարյանը և Չիկագոյի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Պողոս ծայրագույն վարդապետ Թինքճյանը (համաքարտուղար):

Վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված առցանց ժողովներից հետո, սույն հանդիպման ընթացքին վերջնական տեսք ստացավ եկեղեցու յոթ խորհուրդների մասին ժողովի մոտեցումներն ամփոփող և կատարված աշխատանքի մասին զեկուցող միացյալ հայտարարությունը, որն ստորագրվեց համաատենապետների կողմից։

Եկեղեցու յոթ խորհուրդների մասին եզրակացությանը հաջորդեց Մարեմաբանության քննարկումը, որը պիտի շարունակվի նաև հաջորդ հանդիպման ժամանակ: Ժողովի մասնակիցները նաև առիթ ունեցան հանդիպելու Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին և ստանալու Հռոմի սրբազան քահանայապետի օրհնությունը։

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց տարված աշխատանքներին, ընդգծվեց դրանց կարևորությունը, ինչպես նաև ներկայացվեց աշխատանքային ծրագրերի մասին ձևավորված միասնական տեսլականը: Ժողովի վերջին նիստի ժամանակ որոշվեցին հաջորդ տարվա հանդիպման օրը և ներկայացվելիք ուսումնասիրությունների նյութերը։ Հաջորդ ժողովը տեղի կունենա Եգիպտոսում։