Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարորդական-վկայական
A A
Պաշտոնական

Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ շուրջ երեք տասնյակ անձինք կաշառք են տվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձին, դրա դիմաց հանձնել ձևական բնույթ կրող գործնական քննություններ և սահմանված կարգի խախտմամբ ստացել վարորդական վկայականներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վ. Շ.-ն 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպես կաշառք տվել է ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ա. Ս.-ին:     

Վ. Շ.-ի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից  ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ա. Ս.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար 28 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով և 326-րդ հոդվածով: Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցներ: Բոլոր մեղադրյալները առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել են խոստովանական ցուցմունքեր: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ ավարտվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Ա. Ս.-ի, վերջինիս օժանդակած Վ. Շ.-ի և նշված քրեական գործով անցնող մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործը, որն այժմ դատաքննության փուլում է:

Հակակոռուպցիոն կոմիտե