Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Հասարակություն

Հայաստանի դպրոցների 9 տոկոսում գոյություն չունի կոյուղու համակարգ

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի՝  չնայած ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ չունեցող դպրոցների թվի կայուն նվազմանը, խորը անհավասարություն կա երկրների միջև և երկրների ներսում այս առումով: Ամենաքիչ զարգացած երկրների և անկայուն իրավիճակում գտնվող բնակավայրերի դպրոցականներն ամենաշատն են տուժում:

Աշխարհում դպրոցների 29 տոկոսը դեռևս չունի խմելու ջրի մատակարարում, ինչի հետևանքով տուժում է 546 միլիոն դպրոցական: Դպրոցների 28 տոկոսը դեռևս չունի սանիտացիայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 539 միլիոն դպրոցական: Դպրոցների 42 տոկոսը դեռևս չունի հիգիենայի տարրական ծառայություններ, ինչի հետևանքով տուժում է 802 միլիոն դպրոցական:

 

Իրավիճակը Հայաստանում

 

Ըստ ՀՀ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի, 2021-2022 ուսումնական տարում՝ 135 դպրոցում (9%), որտեղ ուսանում է ավելի քան 12,500 աշակերտ (3%) և աշխատում շուրջ 1580 ուսուցիչ (4%), գոյություն չունի կոյուղու համակարգ:

70 դպրոցում (5%), որոնք ունեն շուրջ 4400 աշակերտ (1%) և մոտ 630 ուսուցիչ (1.6%), չկա խմելու կամ լվացվելու ջուր:

Իսկ շուրջ 60 դպրոցներում սովորող ավելի քան 3600 աշակերտ (0.9%) և 517 ուսուցիչ (1.3%) չունի ո՛չ սանիտացիայի պայմաններ, ո՛չ էլ ջուր:

 

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարելավել է Արատատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի 15 դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, դպրոցները դարձրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի: Այս տարի դրան կավելանա ևս 5 դպրոց՝ Սյունիքի մարզի, Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում:

Ի լրումն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծրագրում է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ պայմանների գնահատում, գործող նորմերի վերանայում, նոր առաջարկությունների ներկայացում, որը հնարավորություն կտա թիրախային ու արդյունավետ ներգործություն ունենալ, աստիճանաբար բարելավել ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանները` ապահովելով սովորողների և դասավանդողների համար արժանավապատիվ միջավայր։