Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանության զորքերը 30 տարեկան է․ տեղի են ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություններ (տեսանյութ)

Հուլիսի 21-ը Ոստիկանության զորքերի կազմավորման օրն է։ 1992 թվականի այս օրը ստորագրվեց ՀՀ Նախագահի՝ ներքին գործերի նախարարության համակարգում ներքին զորքեր ստեղծելու մասին հրամանագիրը։

Հուլիսի 21-ին Ոստիկանության զորքերի 30-ամյակի կապակցությամբ տեղի ունեցան հիշատակի և ոգեկոչման արարողություններ։
Ոստիկանության կենտրոնական վարչակազմի բակում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Նույն օրը՝ Էջմիածնում ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ծաղիկներ դրեցին 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արմեն Վարդանյանի շիրիմին։ Նրանք այցելեցին նաև Ոստիկանության զորքերի զորամասերից մեկը, որտեղ զորամասի հրամանատարության հետ ծաղիկներ դրեցին զորամասի 43 ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։
Նույն օրը հիշատակի, ոգեկոչման միջոցառումներ անցկացվեցին Ոստիկանության զորքերի բոլոր զորամասերում։
Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ և բարեխիղճ ծառայության համար ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը պարգևներ հանձնեց մի խումբ ծառայողների։

Նույն օրը ոստիկանության զորքերի հրամանատարական կազմը Աբովյանում հարգանքի տուրք մատուցեց 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արտյոմ Միրզոյանի հիշատակին, իսկ Եռաբլուրում ծառայակից ընկերների շիրիմներին այցելեց ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարությունը։
Ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու ոստիկանության վետերանները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան առաջին ազատամարտի տարիներին սահմանների պաշտպանության մարտերում զոհված միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի տղաների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ոստիկանության զորքերը կազմավորման առաջին օրվանից եղել է հայկական պետականության հիմնասյուներից մեկը։ Երկրի ներսում պայքար մղելով հանցավոր տարրերի դեմ և պահպանելով հասարակական կարգն ու անվտանգությունը՝ հայրենիքի համար օրհասական պահերին թև ու թիկունք է եղել հայ զինվորականին ու կամավորական ջոկատներին։ Ցավոք, ծառայողական պարտականությունները կատարելիս և սահմանների պաշտպանության ընթացքում Ոստիկանության զորքերը տվեցին բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։
Արցախյան առաջին ազատամարտի տարիներին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների, ապա միլիցայի օպերատիվ հակազդման ջոկատների կազմով ոստիկաններն ահեղ մարտեր են մղել թշնամու դեմ։

Պատերազմից հետո հանրապետության ներսում Զորքերն իրականացնում էր հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։
2016 թվականին Ոստիկանության զորքերի անձնակազմը Հայաստանում և Արցախում մասնակցել է մարտական հերթապահության։

2018 թվականից Ոստիկանության զորքերը ներգրավված էր նաև Հայաստանի հյուսիսարևելյան սահմանների պաշտպանությանը՝ իրականացնելով մարտական հերթապահություն։
Արցախյան 44-օրյա պատերազմին Ոստիկանության զորքերի ստորաբաժանումները մասնակցել են Արցախի մի շարք շրջանների պաշտպանական մարտերին, իսկ Շուշիի պաշտպանական մարտերին տվեցին 43 զոհ:

Շնորհավո՛ր տոնդ, Ոստիկանության զորքեր։ Փա՛ռք Ոստիկանության զորքերի կազմավորման ու կայացման գործում իրենց ավանդն ունեցած բոլոր ծառայողներին։