Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սեփական տները հարկադրաբար լքած ու փախուստի դիմած մարդկանց թիվը հասել է պատմական բարձրակետին. ՄԱԿ ՓԳՀ

Վերջին տասնամյակում տարեցտարի աճել է սեփական տները հարկադրաբար լքած ու փախուստի դիմած մարդկանց թիվը, եւ այժմ այն հասել է պատմական բարձրակետին։ Սա միտում է, որը կանգնեցնել եւ հետադարձել հնարավոր է լոկ խաղաղարարությանն ուղղված նոր, համաձայնեցված ջանքերով, այսօր ասել է ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը։

Պատերազմի, բռնության, հետապնդումների եւ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով տեղահանված անձանց թիվը 2021 թվականի վերջին 89.3 միլիոն էր, որը 8 տոկոսով աճել էր նախորդ տարվա համեմատ եւ 10 տարի առաջվա ցուցանիշի գրեթե կրկնապատիկն էր. արձանագրված է ՄԱԿ ՓԳՀ-ի «Գլոբալ միտումներ» ամենամյա զեկույցում։

Այդ ժամանակից ի վեր՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հարկադիր տեղահանման ամենաարագ ծավալվող եւ ամենախոշոր ճգնաժամերից մեկի պատճառ է դարձել, ինչպես նաեւ Աֆրիկայից Աֆղանստան ձգվող արտակարգ իրավիճակները, այս թիվը հասցրին դրամատիկ 100 միլիոնի։

«Վերջին տասնամյակում այս թվերը տարեցտարի աճ են գրանցել», - ընդգծեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Կամ միջազգային հանրությունը համախմբվում է, որպեսզի քայլեր ձեռնարկի այս մարդկային ողբերգությունը հասցեագրելու, հակամարտությունները կարգավորելու եւ երկարատեւ լուծումներ գտնելու համար, կամ այս սարսափելի միտումը շարունակվում է»:

Անցած տարին առանձնացավ այն հակամարտությունների քանակով, որոնք թեժացան, եւ նորերը բռնկվեցին. Համաշխարհային բանկի տվյալներով՝ 23 երկիր, 850 միլիոն ընդհանուր բնակչությամբ, միջին կամ բարձր ինտենսիվության հակամարտությունների միջով է անցել:

Միեւնույն ժամանակ, սննդամթերքի սակավությունը, գնաճը եւ կլիմայական ճգնաժամն ավելի են ծանրացնում մարդկանց դժվարությունները՝ մեծացնելով մարդասիրական արձագանքման կարիքը՝ ֆինանսավորման հաճախ անորոշ հեռանկարների պայմաններում:

Փախստականների թիվը 2021 թվականին հասել է 27.1 միլիոնի։ Ավելացել է նաեւ Ուգանդա, Չադ եւ Սուդան ժամանածների թիվը։ Փախստականների մեծամասնությանը, հերթական անգամ, ընդունեցին հարեւան երկրներում, որոնք սակավ ռեսուրսներ ունեն: Ապաստան հայցողների թիվն աճել է 11 տոկոսով՝ հասնելով 4.6 միլիոնի։

Անցյալ տարի գրանցվեց հակամարտության պատճառով տեղահանվածների արդեն 15-րդ անգամ անխախտ տարեկան աճը՝ 53.2 միլիոն։ Այդ աճը պայմանավորված էր որոշ վայրերում, օրինակ՝ Մյանմարում, բռնությունների կամ հակամարտության սրմամբ։ Եթովպիայի Տիգրե եւ այլ նահանգներում ընթացող հակամարտությունները երկրի ներսում միլիոնավոր մարդկանց փախուստի պատճառ են դարձել: Սահելում ապստամբությունները ներքին տեղահանության նոր ալիք առաջացրին հատկապես Բուրկինա Ֆասոյում եւ Չադում:

Տեղահանման արագությունն ու ծավալը դեռեւս գերազանցում են տեղահանվածների համար լուծումների, օրինակ՝ վերադարձի, վերաբնակեցման կամ տեղական ինտեգրման հասանելիությանը: Այնուամենայնիվ, «Գլոբալ միտումներ» զեկույցը որոշակի հույսեր է արթնացնում: Փախստականների եւ վերադարձող ներքին տեղահանված անձանց թիվը 2021 թվականին ավելացել է՝ վերադառնալով նախաքովիդային մակարդակին, որտեղ կամավոր հայրենադարձությունն ավելացել էր 71 տոկոսով, թեեւ թվերը համեստ էին մնացել:

«Մինչ մենք ականատեսն ենք տեղահանության զարհուրելի նոր իրավիճակների եւ արդեն իսկ գոյություն ունեցող դեպքերի սրացման կամ լճացման, մյուս կողմից ունենք այն երկրների եւ համայնքների օրինակները, որոնք ջանադրաբար աշխատում են տեղահանվածների հիմնախնդրին լուծումներ տալու ուղղությամբ», - հավելեց Գրանդին։ «Դա տեղի է ունենում առանձին վայրերում, որի օրինակը Կոտ դ’Իվուարի քաղաքացիների հայրենադարձության շուրջ տարածաշրջանային համագործակցությունն է, սակայն այդ կարեւոր որոշումները պետք է տարածում գտնեն կամ ներդրվեն այլ երկրներում եւս»:

Եվ չնայած, որ 2021 թվականին քաղաքացիություն չունեցող անձանց թիվը փոքր-ինչ աճել է, շուրջ 81,200 հոգի քաղաքացիություն է ստացել, կամ նրանց դիմումները բավարարվել են, ինչը 2014 թվականին ՄԱԿ ՓԳՀ-ի մեկնարկած՝ «IBelong» քարոզարշավի սկզբից ի վեր քաղաքացիություն չունեցող անձանց թվի նվազեցման ամենաբարձր ցուցանիշն է։  

 

ՄԱԿ ՓԳՀ 2021 թ. «Գլոբալ միտումներ» զեկույց. հիմնական տվյալներ

  • Մինչեւ 2022 թ. մայիսն աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ է հարկադիր տեղահանման ենթարկվել հետապնդման, հակամարտությունների, բռնության, մարդու իրավունքների խախտումների կամ հանրային կարգը լրջորեն խաթարող դեպքերի պատճառով:
  • 2021 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմել է 89.3 մլն, որը ներառում էր՝
    • 27.1 միլիոն փախստական
      • 21.3 միլիոն փախստական՝ ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո
      • 5.8 միլիոն պաղեստինցի փախստական՝ ՄԱՕԱ-ի [UNRWA] մանդատի ներքո
    • 53.2 միլիոն ներքին տեղահանված անձ
    • 4.6 միլիոն ապաստան հայցող
    • 4.4 միլիոն տեղահանված վենեսուելացի
  • 2021 թվականին փախստականների եւ տեղահանված վենեսուելացիների՝
    • 83 տոկոսին հյուրընկալել են ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրները. 
    • ընդհանուր թվի 27 տոկոսին ապաստան են տրամադրել ամենաքիչ զարգացած երկրները.
    • 72 տոկոսն ապրում է իր ծագման երկրի հարեւան պետությունում. 
    • Թուրքիան հյուրընկալել է մոտ 3.8 միլիոն փախստականի, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է, որին հաջորդում են Ուգանդան (1.5 միլիոն), Պակիստանը (1.5 միլիոն) եւ Գերմանիան (1.3 միլիոն): Կոլումբիան հյուրընկալել է տեղահանված 1.8 միլիոն վենեսուելացիների:
    • Լիբանանը մեկ շնչի հաշվով ամենաշատ թվով փախստականներին է ընդունել (1-ը 8-ին), որին հաջորդում են Հորդանանը (1-ը 14-ին) եւ Թուրքիան (1-ը 23-ին): Իրենց ազգաբնակչության համեմատ՝ Արուբա կղզին ընդունել է տեղահանված եւ արտասահմանում ապաստանած վենեսուելացիների ամենամեծ թիվը (1-ը 6-ին), որին հաջորդում է Կյուրասաոն (1-ը 10-ին):
  • Փախստականների եւ երկրից դուրս տեղահանված վենեսուելացիների ավելի քան երկու երրորդը գալիս է ընդամենը հինգ երկրից. Սիրիա (6.8 միլիոն), Վենեսուելա (4.6 միլիոն), Աֆղանստան (2.7 միլիոն), Հարավային Սուդան (2.4 միլիոն) եւ Մյանմար (1.2 միլիոն)։
  • 2021 թվականին ամբողջ աշխարհում սփռված վենեսուելացի փախստականների, ապաստան հայցողների եւ միգրանտների թիվը 6.1 միլիոն էր (տվյալը տրամադրվել է Վենեսուելայից փախստականների եւ միգրանտների համակարգման հարթակի կողմից):
  • Ապաստան հայցողները 1.4 միլիոն նոր հայց են ներկայացրել։ Աշխարհի երկրներից ամենաշատ անհատական  հայցադիմումներն ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգները (188,900), որից հետո՝ Գերմանիան (148,200), Մեքսիկան (132,700), Կոստա Ռիկան (108,500) եւ Ֆրանսիան (90,200):
  • Լուծումներ
    • 5.7 միլիոն տեղահանված մարդ 2021 թվականին վերադարձել է իր տարածք կամ ծագման երկիր, այդ թվում՝ 5.3 միլիոն ներքին տեղահանված եւ 429,300 փախստական:

 

Հավելյալ տեղեկություններ / ուղեկցող մուլտիմեդիա նյութեր

 

ՄԱԿ-ի փախստականների գլոբալ միտումների զեկույցը եւ մուլտիմեդիա նյութերի ուղեկցող փաթեթը հասանելի են մեր մեդիա միջոցների էջում։ 

 

Ծանոթագրություն.

 

ՄԱԿ ՓԳՀ-ի «Գլոբալ միտումներ» զեկույցը հրապարակվել է կառույցի ամենամյա Գլոբալ զեկույցին զուգահեռ, որտեղ ներկայացվում են հարկադրված փախուստի դիմած եւ քաղաքացիություն չունեցող անձանց կարիքները հոգալու ուղղությամբ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ձեռնարկվող ծրագրերն ու գործողությունները։