Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 15-ը հունիսի. «Գողական աշխարհը իրավիճակը վերահսկում է» (տեսանյութ)

1997-ի հունիսի 15-ին Գերագույն դատարանում շարունակվում էր 96-ի սեպտեմբերի 25-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործերից մեկով դատավարությունը։ Այն աչքի էր ընկնում մեղադրյալների հայտարարություններով այն մասին, թե իրենց վերագրված նախաքննական ցուցմունքները կեղծ են՝ իրականությանը չհամապատասխանող։

1998-ի այս օրը Կույրերի միավորման ժողգործիքների համույթը նշում էր ստեղծման 20-րդ ամյակը։

1999-ի հունիսի 15-ի հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը հաստատեց կառավարության նոր կառուցվածքը։ Ըստ այդմ միմյանցից անջատվեցին ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները։ Նույն հրամանագրով ստեղծվեց նաեւ նոր՝ պետեկամուտների նախարարություն։

Դավիթ Լոքյանի ղեկավարած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հրապարակած հաշվետվության համաձայն՝ 1992-95 թվականներին էներգետիկ ոլորտում 200 մլն դոլարի չարաշահում է կատարվել։ Քաղաքական ուժերից շատերի ներկայացուցիչները չեն հավատում, թե մեղավորները կպատժվեն։ Լավատես է միայն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը։

Նույն օրը մեկ այլ ժամանակավոր հանձնաժողովում քննարկվում է Նաիրի Հունանյանին Ազգային անվտանգության մեկուսարանից ոստիկանության մեկուսարան տեղափոխելու հարցը։ Դեմ է Կիմ Բալայանը, ով համարում է, թե ոստիկանության մեկուսարանում Հունանյանի անվտանգությունը երաշխավորել չի հաջողվի։ Նրա կասկածները տեսականորեն հիմնավորում է իրեն ոլորտի փորձագետ համարող Հակոբ Հակոբյանը;

Մի խումբ ուսանողներ խոզանակներով եւ մաքրող հեղուկներով դուրս են եկել Երեւանի կենտրոնական փողոցներ։ 2001-ի այս օրը Հանրապետության նախագահին եւ վարչապետին բաց նամակով դիմեցին ՀԱԷԿ-ի 150 աշխատակից՝ պահանջելով մի քանի ամսվա չստացած աշխատավարձերը։

Ազգային գրադարանի աշխատակիցների եւ մի խումբ ընթերցողների զանգվածային ակցիայի նպատակը տնօրեն Դավիթ Սարգսյանին բարոյական աջակցություն ցուցաբերելն էր։ Մշակույթի նախարարությունը չէր կամենում երկարաձգել Դավիթ Սարգսյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Լուրեր կան, թե տնօրենի պաշտոնում նշանակվելու է Հովիկ Հովեյանը։

2011թ այս օրը Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում հանձնվում են Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի «Ազատ մամուլ» մրցանակները։ Մրցանակակիրների թվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։