Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Շոտլանդիային. Ազգերի լիգա 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում սեփական դաշտում հանդիպեց Շոտլանդիայի ընտրանուն և պարտվեց 1:4 խոշոր հաշվով:

Մեր ֆուտբոլիստները ակտիվ սկսեցին խաղը և արդեն 7-րդ րոպեին բացեցին հաշիվը: Տիգրան Բարսեղյանի անհատական անցումից և փոխանցումից հետո դարպասը մոտ տարածությունից գրավեց Վահան Բիչախչյանը: Սակայն, շոտլանդացիները շատ արագ վերականգնեցին հավասարությունը: 14-րդ րոպեին Չի Ադամսը խփեց պատասխան գոլը:

Հայաստանի հավաքականը շարունակում էր ակտիվ գործել, սակայն մեր ֆուտբոլիստները չկարողացան օգտագործել ռեալ պահերը, իսկ ահա մրցակիցը երբ 44-րդ րոպեին ստացավ թվային առավելություն (ոչ սպորտային արարքի համար դաշտից հեռացվեց պաշտպան Արման հովհաննիսյանը), շատ արագ օգտվեցին այդ առավելությունից: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի առաջին րոպեին աչքի ընկավ Ստյուարտ Ամստրոնգը:

Երկրորդ խաղակեսը, բնականաբար, անցավ հյուրերի տարածքային առավելությամբ: Նրանք շատ արագ երկու գոլ խփեցին և գործնականում լուծեցին խաղի ելքը: Դարձյալ աչքի ընկավ մեծ ակտիվություն դրսևորող Չի Ադամսը, ինչպես նաև Ջոն Մակ-Ջինը:

Դրանից հետո Շոտլանդիան գրոհում էր, իսկ Հայաստանը` հակագրոհում: Հետաքրքիրն այն է, որ հաշվը փոխելու ռեալ շանսեր ունեին հենց մեր ֆուտբոլիստները, սակայն մարզական բախտն այսօր լիովին երես էր թեքել մերոնցից:

Մեր թիմը խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով, քանի որ 90+1 րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց նաև փոխարինման մտած Կամո Հովհաննիսյանը:  

Այդպիսով, Հայաստանի հավաքականը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Շոտլանդիայի ընտրանին կրկին առավելության հասավ մեր թիմի նկատմամբ և այժմ 6 միավորով Ուկրաինայի հետ կիսում է 1-ին հորիզոնականը, սակայն ուկրաինացիներն այսօր դեռ պետք է հանդիպեն իռլանդացիների հետ:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 24-ին: Այդ օրը մերոնք սեփական դաշտում կընդունեն Ուկրաինայի հավաքականին: