Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ-ի ու ՌԴ-ի համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն. Մհեր Գրիգորյան (տեսանյութ)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Մեծարգո Սերգեյ Պավելի,
Հարգելի ընկերներ,

Անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ և Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Ռուսաստանյան պետության նորագույն պատմության մեջ այս տոնը նշանավորվում է կյանքի բոլոր ոլորտներում հիմնարար վերափոխումներով, որոնց հիմքում քաղաքացին է, իր շահերը և բարեկեցությունը, հպարտությունն իր երկրի հազարամյա պատմության համար, նրա ներկան և ապագան: Եվ այս դժվարին ճանապարհը Ռուսաստանն անցել է ինքնուրույն՝ հիմք դնելով սկզբունքայնորեն նոր պետական և հասարակական կարգի, հստակ մատնանշելով, թե ինչիպիսին է լինելու Ռուսաստանը 21-րդ դարում:

Գործընկերներ,

Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները կապված են բազմաթիվ խորը թելերով, որոնք ամուր հիմք են ստեղծում, որի վրա կառուցվում են մեր երկրների միջպետական հարաբերությունները՝ դառնալով օրինակելի երկկողմ համագործակցության տեսանկյունից։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր ժողովուրդների դարավոր բարեկամության նորագույն պատմության մեջ նոր էջ բացեց, որի վրա մեծատառով գրված է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը, որի 25-ամյակը մենք տոնում ենք այս տարի:

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցությամբ, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ և սերտ համագործակցությամբ, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ կարևոր ոլորտներում երկկողմ հաջող գործընկերությամբ։

Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են ռազմավարական համագործակցության նոր հեռանկարային ոլորտներ բացահայտելուն։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ընդլայնել դաշնակցային հարաբերությունները և այն հարստացնել նոր նախաձեռնություններով՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ ի շահ տնտեսական և սոցիալական առաջընթացի, ինչպես նաև աշխարհում և տարածաշրջանում անվտանգության և կայունության։

Սիրելի ընկերներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում եղբայրական Ռուսաստանին»: