Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Էլեկտրաէներգիայի շուկայում արդեն նոր խաղացողներ կան (տեսանյութ)

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան աստիճանաբար ազատականացվում է՝ հնարավորություն ստեղծելով Հայաստանում ընտրություն կատարել՝ ումից և ինչ սակագնով ձեռք բերել էլեկտրաէներգիան։

«Այսօր արդեն անցումային սցենարով Հայաստանում գործում է էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա»,-ասում է Հաշվարկային կենտրոնի տնօրեն Մեսրապ Մեսրոպյանը։

էլեկտրաէներգիայի առուվաճառքը նախորդ տասնամյակներում իրականացվում էր  մեկ գնորդ-մեկ վաճառող սկզբունքով, և բոլորն անխտիր սպառած էլեկտրաէներգիայի համար վճարում էին միջինացված սակագին։

«Շուկան ազատականացնելով՝ մենք հրաժարվում ենք միջինացված սակագին հասկացությունից՝ այսինքն ամեն սպառող կվճարի և հնարավորություն կունենա շուկայից գնելու էլեկտրաէներգիան այն գնով, որով ինքը ազդեցություն ունի այդ սակագնի վրա»,- ասում է Մեսրոպյանը։

Շուկայի ազատականացմամբ վերանում է ոլորտում մենաշնորհը և էներգետիկ շուկա նոր խաղացողներ են մտնում։

«Այս պահի դրությամբ արդեն 2 գրանցված մատակարար ընկերություն ունենք շուկայում, լիցենզավորված մի քանիսն են, բայց որ արդեն մտել են շուկա և առևտուր են անում, երկուսն են»,- մանրամասնում է Հաշվարկային կենտրոնի տնօրենը։

Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ ռեֆորմի նպատակն է, որ առաջին հերթին արդյունաբերական ձեռնարկություններն օգտվեն նոր մատակարարների առաջարկած ավելի էժան էլեկտրաէներգիա գնելու հնարավորությունից։

«Մայիսի 13-ից արդեն «Վեոլիա ջուր»-ը մեկ սպառման կետով արդեն իսկ միացել է էլեկտրաէներգիայի մեծածախ շուկային և այս գործընթացը կկրի շարունակական բնույթ, ինչ-որ ժամանակ հետո մենք մեր բոլոր սպառման կետերով արդեն կմիանանք մեծածախ շուկային»,- հավելում է Կարեն Գիշյանը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին մասնակցող «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն ասում է, որ շուկայի ազատականացումը լայն հնարավորություններ է ընձեռում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հավաստիացնում են՝ էլեկտրաէներգիայի ազատականցվող շուկան  կարգավորումներին համապատասխան աշխատում է՝ նոր քայլեր կձեռնարկվեն 2023-ին՝ արդյունքների ամփոփումից հետո։