Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետը Հանրայինի 65ամյակի առթիվ պարգևատրել է Առաջին ալիքի մի խումբ նվիրյալների (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

 

Վարչապետը և նախագահը Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ հեռուստաընկերության մի խումբ նվիրյալների հանձնել են պարգևներ: 

 

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը  ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել  Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,  Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Նարա Շլեպչյանին և  հեռուստաընկերության պրոդյուսեր Էլմիրա Արսենյանին: Վերջինիս պարգևը հանձնվել է նրա գործընկեր Արտավազդ Եղոյանին, քանի որ տիկին Արսենյանը գտնվում է արտերկրում:

 

Վարչապետի շնորհակալագրի  են  արժանացել Հանրային հեռուստաընկերության  Թվային արխիվի ավագ թվային արխիվավար Ալվարդ Լազարյանը, Մոնտաժի բաժնի պետ Արսեն Նազարյանը, Լրատվական ծառայության Արտադրական գործընթացների ապահովման բաժնի մոնտաժող Սմբատ Սարգսյանը և Հեռուստաֆոնդի վերականգնման լաբորատորիայի ղեկավար Անիչկա Հունանյանը: 

 

Պարգևատրման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Հանրային հեռուստաընկերության 65-ամյակի առթիվ և նշել. «Ընդհանրապես՝ կարծում եմ, որ հենց տարիքը հուշում է, որ, համենայնդեպս, ներկաներից շատերին Հանրային հետուստատեսությունն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում: Սա է պատճառը, որ մենք Հանրային հեռուստաընկերության  նկատմամբ ունենք առանձնակի վերաբերմունք ու առանձնակի զգացմունքներ, որովհետև մեր կյանքի յուրաքանչյուր փուլում մենք մեզ հիշում ենք Հանրային հեռուստատեսության հեռուստադիտողի դերում: 

 

Այսօր ես շատ ուրախ եմ, որ պիտի առիթ ունենանք մեր գնահատանքի տուրքը տալու Հանրային հեռուստատեսության այն աշխատակիցներին, ովքեր այս տարիների ընթացքում առավել կարևոր դերակատարում են ունեցել: Եվ պիտի հույս ունենամ, որ ահա, Հանրային հեռուստատեսությունը պիտի շարունակի Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության ոլորտի, լրագրության ոլորտի, հանրային քննարկումների ոլորտի նշանավոր և նշանակալի դեմքերով հանդես գալ: Այդ դեմքերը նաև պիտի ձևավորվեն Հանրային հեռուստատեսությունում և նրանք պետք է դառնան մեր հանրության հետ խոսելու, երկխոսելու կարևոր մունետիկներ: Եվ թերևս սա է, ընդհանուր առմամբ, Հանրային հեռուստատեսության դերակատարումը»: 

 

Եզրափակելով՝ վարչապետը նաև շնորհավորել է Հայաստանի  ֆուտբոլի ազգային հավաքականին Երևանում տարած հաղթանակի առիթով և հույս հայտնել, որ Հանրային հեռուստաընկերության 65-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունն առավել ևս կնշանավորվի Հայաստանի հավաքականի հաջող խաղով: 

 

Այնուհետև վարչապետը տիկնոջ հետ հեռուստաընկերության բակում տեղադրված մեծ էկրանից հետևել է ֆուտբոլի Ազգերի  լիգայի խմբային փուլի Շոտլանդիա-Հայաստան հանդիպմանը, որը հեռարձակվել է Առաջին ալիքով: