Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստան Մ-21 հավաքականը չկարողացավ հանձնել ֆրանսիական քննությունը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը Եվրոպայի 2023թ առաջնության ընտրական փուլի հերթական խաղում իր հարկի տակ 1:4 խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիայի Մ-21 հավաքականին:

Մեր թիմը խաղի սկզբից մինչև վերջին րոպեն զբաղված էր միմիայն մրցակից գրոհների չեզոքացմամբ: Զարմանալի չէ, որ ամբողջ խաղի ընթացքում մերոնք ընդամենը 2 անգամ հարվածեցին մրցակցի դարպասին: Դրանից մեկն հասավ իր նպատակին, երբ փոխարինման մտած Ժիրայր Շողոյանը միայնակ շրջանցեց իրեն հսկող պաշտպանին և հաշվենկատ հարվածով գրավեց դարպասը: Մյուս դեպքում նա մի փոքր վրիպեց:

Իսկ ահա Ֆրանսիայի հավաքականն ամբողջ խաղին ազատ տնօրինում էր գնդակին, քանի որ չկար ոչ խանգառող, ոչ էլ` պայքարող: Հյուրերը հիմնականում փորձում էին կենտրոնով գրոհել, որտեղ շատ էին ֆուտբոլիստները, և գնդակը հաճախ կանգ էր առնում նրանց ոտքերի տակ: Այնուամենայնիվ, ֆրանսիացի ֆուտբոլիստները 4 անգամ ճեղքեցին մեր թիմի հագեցած պաշտպանությունը, մի դեպքում տուգանային հարվածով, մյուսում 11 մետրանոցով, սուր և արագ հակագրոհի հաշվին և այլն:

Ավաղ, մեր թիմերը սեփական դաշտում վաղուց նման անատամ ֆուտբոլ ցույց չէին տվել: Հուսանք, որ հունիսի 12-ին կայանալիք վերջին խաղում մերոնք լուրջ դիմադրություն ցույց կտան Ուկրաինայի ընտրանուն, հակառակ դեպքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է լրջորեն մտածի թիմում արմատական փոփոխություններ կատարելու մասին: