Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-irlandia
A A
Սպորտ

Սպերցյանի ֆանտաստիկ գոլը. Հայաստանը հաղթեց Իռլանդիային (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի թվով 3-րդ խաղարկության մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական դաշտում հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ:

Դժգույն առաջին խաղակես

Մեր թիմը հենց խաղի սկզբից ընտրել էր հակագրոհների մարտավարություն: Հայտացուցակում նշված էր, որ Հայաստանը խաղալու է 4 պաշտպանով, սակայն իրականում մերոնք ետին գծում մշտապես պահում էին 5 խաղացող: Առջևում գործում էին Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանը, որոնք հաստիքով անգամ մաքուր  հարձակվող չեն համարվում: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի հակագրոհներն այնքան էլ վտանգավոր չէին, քանի որ շատ փոքր ուժերով էին դրանք կազմակերպվում: Միայն մի դրվագում Բարսեղյանը հեռվից վտանգավոր հարված կատարեց, սակայն իռլանդացիների դարպասապահը հասցրեց անկյունից հանել գնդակը:Իռլանդիայի հավաքականը հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը և փորձեց ճեղքեր գտնել տանտերերի պաշտպանության գծում, սակայն, մեր պաշտպանների հնգյակը բավականին գրագետ խաղաց և կոպիտ սխալներ թույլ չտվեց: Միայն 16-րդ րոպեին իռլանդացիները մոտ էին հաջողության, սակայն անպաշտպան դարպասը սուրացող գնդակի ճանապարհը փակեց Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի ակտիվացումը, Սպերցյանի ֆանտաստիկ գոլը

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ակտիվացավ և սկսեց դիմել ավելի արագ և վտանգավոր հակագրոհների: Դա արդյունք տվեց արդեն 50-րդ րոպեին, երբ Տիգրան Բարսեղյանը տուգանային հրապարակից գրավեց դարպասը, սակայն գլխավոր մրցավարը  չեղարկեց այն, քանի որ VAR համակարգով խաղից դուրս վիճակ էր արձանագրել մինչ այդ պահը:

Հայաստանի հավաքականին դա թևաթափ չարեց, և թիմը շարունակում էր նույն ակտիվ ձևով հակագրոհներ կազմակերպել: Եվ ահա, 74-րդ րոպեին էդուարդ Սպերցյանը ստանալով գնդակը, կենտրոնով առաջ շարվեց և մոտ 30մ հեռավորությունից ուժեղ հարվածեց: Գնդակը դիպավ մրցակցի դարպասի աջ դարպասաձողին և հայտնվեց ցանցում: Իռլանդացիների դարպասապահը ցատկ կատարեց, բայց` ապարդյուն:

Գոլից հետո խաղն ավելի թեժ բնույթ կրեց: Իռլանդացիները մի քանի դրվագում դիմեցին կոպտության, սակայն գլխավոր մրցավարը բավարարվեց միայն դեղին քարտով: Խաղն որքան մոտենում էր ավարտին, մեր թիմն ակամայից ավելի ետ էր քաշվում և փորձում էր պահպանել հաղթական հաշիվը: Հյուրերի գրոհներն առանձնապես աչքի չընկան բազմազանությամբ, ուստի մեր պաշտպաններին և դարպասապահին հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը և տոնել առաջին հաղթանակը մեկնարկում:

Այդպիսով, մեր թիմը վաստակեց առաջին 3 միավորը և գլխավորեց B լիգայի 1-ին խմբի աղյուսակը, քանի որ Ուկրաինայի հավաքականը վաղը պետք է անցկացնի աշխարհի առաջնության անցումային խաղ, այդ իսկ պատճառով նախատեսված Շոտլանդիայի հետ հանդիպումը հետաձգվել է:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին, Շոտլանդիայի հարկի տակ: