Ով ուզում է ժողովրդի արյունը փողոցում թափված տեսնել, «շանտղություն» է անում. Նորիկյան
Աջակցիր «Ա1+»-ին«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ցուցարարների ու ոստիկանների մասնակցությամբ երեկվա միջադեպի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Իշխանության և խորհրդարանական ընդդիմության խոսույթն ուղղակի ապշեցնում է։ Զբաղված են մեկը մյուսի «Քոքը» մաշեցնելով։ Ժողովրդին հանգիստ թողե՛ք։ Ով ուզում է ժողովրդի արյունը փողոցում թափված տեսնել, անկախ նրանից՝ ո՞վ է և ի՞նչ դիրքավորում ունի, «Շանտղություն» է անում մեր ժողովրդի ու պետականության նկատմամբ։
Ժողովրդավարությունն ու ազատությունը մի շփոթե՛ք ամենաթողության, անիշխանության ու սանձարձակության հետ։ Ո՛չ իշխանությունն իր անելիքը գիտի, ո՛չ էլ փողոցի ընդդիմությունը, ու երկիրը մտել է փակուղի։ Հայաստանում պետք է կարգ ու կանոն հաստատվի։ Օրենքը պետք է աշխատի բոլոր համար՝ կլինի սադրիչ ցուցարա՞ր, թե՞ լիազորությունները չարաշահած ոստիկան։
Սթափվե՛լ է պետք։ Այսպես այլևս հնարավոր չէ շարունակել։ Երևանում, այնուամենայնիվ, անիշխանություն է, ինչն անարգանք ու արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ»:
Նշենք, որ երեկ Պռոշյան-Դեմիրճյան հատվածում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, որի արդյունքում կիրառվեց նաև լուսաձայնային նռնակ: Ցուցարարները քարեր ու շշեր էին նետել ոստիկանների վրա, ինչից հետո ոստիկանները կոշտ պատասխան տվեցին: Տասնյակ տուժածներից, ըստ պաշտոնական տվյալների, 60-ը դիմել է բուժօգնության: