Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է արել․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում սպասվող հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովների հանդիպման օրակարգում լինելու է սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցեր՝ այսինքն՝ առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը շարունակեն քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՝չհստակեցնելով հանդիպման օրն ու ժամը։
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո հնչած իրարամերժ տեղեկություններին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենք իրենց գործընկերների հետ քննարկումներ են ունենում բոլոր այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչում են և չեն համապատասխանում այն օրակարգին, որը քննարկվել է Բրյուսելում։
Հարցին՝ Երևանի և Բաքվի տարբեր կարծիքներ ունենալը չի՞ խանգարում հանձնաժողովների աշխատանքներին՝ հատկապես, որ սահմանին մահվան ելքով դեպք ունեցանք, ԱԽ քարտուղարն ասաց, որ ցանկացած լարվածություն սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա և Արմեն Գրիգորյանի պնդմամբ՝ նաև սա է եղել հայելային հետքաշման առաջարկությունը։
«Սահմանային անվտանգության թեման շարունակում է մնալ օրակարգում և հույս ունենք,որ լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանաին լարումներ չլինեն»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը։
Իսկ տարաձայնությունների մասով հավելեց, որ հայկական կողմը ամեն ինչ քննարկում է Բրյուսելում՝ հրապարակային կերպով ներկայացվում է և այն ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Ըստ Գրիգորյանի՝ բանակցությունները նաև տեղի են ունենում այն պատճառով, որ կան տարաձայնություններ։ Արմեն Գրիգորյանը հույս հայտնեց, որ բանակցություններով հնարավոր կլինի հարթել դրանք։
ԱԽ քարտուղարը շարունակում է պնդել՝ հայ-ադրբեջանական բանակցություններում նախ կարևորվում է արցախահայության անվտանգությունը, որին հաջորդելու է կարգավիճակի հարցը։
Մանրամասները՝ տեսանյութում։