Հուլիսի 1-ից հնարավոր չի լինի կանխիկ տարբերակով բնակարան կամ մեքենա ձեռք բերել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿանխիկի շրջանառության կրճատումը նույնպես մեր բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ իրենց նպատակադրումն ու պլանավորումը այն է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փաթեթի գործելու դեպքում բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառքը կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել՝ բոլոր գործարքները պետք է անել անկանխիկ։
«Եվ մենք, իհարկե, ենթաօրենսդրական ակտերով այս ամեն ինչը պիտի ապահովենք։ Եվ ընդ որում այսպիսի դրույթ է լինելու՝ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, ապա կարող է հետագայում գործարքը առոչինչ ճանաչելու հիմք դառնալ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ խնդրելով ուշադիր լինել՝ «Եվ որևէ մեկը թող չմտածի, թե մենք ցանկանում ենք մարդկանց կյանքը բարդացնել՝ ընդհակառակը մենք ցանկանում ենք մարդկանց կյանքը պարզեցնել։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սրա հետ ունեն նաև հարակից լրջագույն էֆեկտներ՝ սկսած ֆիսկալ էֆեկտից, ավարտած հակակոռուպցիոն էֆեկտով։ Վարչապետը նշեց,որ անկանխիկ գործարքների մասով սա առաջին կամ երկրորդ քայլն է և հավելեց, որ սա չի նշանակում, որ այս փաթեթով ավարտված են համարում աշխատանքը։
Անդրադառնալով վերջերս ընդունված օնլայն դրամապանակներով խաղադրույքներն արգելող օրենքին՝ Նիկոլ Փաշինյանը սա կարևոր բարեփոխում համարեց և նշեց, որ այդուհանդերձ քաղաքում թաքնված գովազդի նշաններ է տեսնում։ Վարչապետը հորդորեց վերացնել թաքնված գովազները։
Մանրամասները՝ տեսանյութում։