Բացել լրահոսը Փակել լրահոսը
1084879
A A
Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանը ստացել է «Ազատության» մրցանակ

Արտակ Բեգլարյանը պատերազմի զոհերի և պատերազմից տուժածների ձայնն էր Արցախում 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և Արցախում մարդու ազատությունների առաջամարտիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 1-ին՝ արցախահայության իրավունքներին նվիրված  միջազգային համաժողովի շրջանակներում, պարգևատրվեց «Ազատության» մրցանակով համաժողովի կազմակերպիչ «Ճշմարտության և արդարության կենտրոն» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության կողմից:

«Ազատության մրցանակը շնորհվում է այն անհատին, որը արտասովոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղում մարդու ազատության գործում: Արտակ Բեգլարյանը դա ցույց է տվել իր խիզախ ջանքերով՝ օգնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան: Նա Արցախում էր 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչին ականատես եղավ «առաջին ձեռքից»: Մենք բոլորս նրան հիշում ենք որպես շարունակվող պատերազմի ձայն, երբ ռումբերը թափվում էին երկնքից։ Իր պաշտոնում պարոն Բեգլարյանը դարձավ պատերազմի զոհերի և  պատերազմից տուժածների ձայնը՝ լրատվամիջոցներին, միջազգային կառույցներին և խորհրդարանականներին տրված զեկուցումների, հարցազրույցների և ելույթների միջոցով հաղորդելով նրանց իրավիճակը: Նա եղել է Արցախում մարդու ազատության առաջամարտիկը, և մեզ համար մեծ պատիվ է պարոն Արտակ Բեգլարյանին շնորհել «Ազատություն» մրցանակը Ճշմարտության և արդարության կենտրոնի ողջ անձնակազմի անունից», - հայտարարեց կազմակերպության ներկայացուցիչը:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նաև հանդես եկավ հեռավար զեկույցով նշված համաժողովի պանելային քննարկման ընթացքում:

Հունիսի 1-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» խորագրով առաջին միջազգային համաժողովը, որը նվիրված է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա լայնածավալ պատերազմի հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) առաջացած մարդու իրավունքների ճգնաժամին: Միջազգային համաժողովը տեղի է ունենալու հունիսի 1-3-ը: Համաժողովի հիմնական կազմակերպիչը «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունն է՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Արցախի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ գործընկերությամբ: Ներկայացուցչական այս ֆորումին առկա կամ հեռավար ձևաչափով մասնակցելու են ավելի քան երեսուն հեղինակավոր գիտնականներ և իրավաբաններ աշխարհի 16 երկրից: