Բացել լրահոսը Փակել լրահոսը
NA_02 (2)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ Արթուր Թովմասյան

Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանն ընդունել է Կիպրոսում գտնվող արցախյան պատվիրակությանը՝ հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և անդրադարձել տարածաշրջանային վերջին զարգացումներին, հատկապես մարտյան իրադարձություններով պայմանավորված մեր այժմյան իրավիճակին։

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ 2022 թ մարտի 23-ին Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, իսկ ռուս- ուկրաինական հատուկ ռազմական գործողությունների պատճառով ձևավորվել է նոր աշխարհակարգ։ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Արցախը , Հայաստանը և Սփյուռքը պետք է օգտագործեն դիվանագիտական խողովակները, այլապես կհայտնվենք նոր աշխարհակարգի փլատակների տակ։

Ըստ Արթուր Թովմասյանի՝ 2022թ մարտի 8-ից հետո ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հետապնդում էր մի քանի նպատակ, այն է՝

  • Փոխել ստատուս-քվոն, որը ստեղծվել է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո,
  • վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,
  • ստուգել մեր զգոնությունը, և եթե այն իսպառ բացակայում է՝ հայաթափել Արցախը։

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան ձևով փակելու իրավունք չունենք։ Տասնամյակներ շարունակ զրկանքների ու տառապանքների հիմնական կրողը Արցախի ժողովուրդն է և մեր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չենք տվել»,- իր խոսքում շեշտել է Արթուր Թովմասյանը։

ԱԺ նախագահը վստահ ընդգծել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի ոչ միայն Արցախի ոչնչացմանը, այլև հայոց պետականության և հայ ժողովրդի աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգության հիմքը կհանդիսանա։

Արթուր Թովմասյանը համոզված է, որ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը։

Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը ներկայացրել է Կիպրոսի հոգևոր կյանքի անցած ճանապարհը և թեմի գործունեությունը։

Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որի ընթացքում Գերաշնորհ Տերը իր հայրապետական օրհնությունն է փոխանցել նաև Արցախի ժողովրդին։