Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հետապնդել առաջատարներին. Sharjah Masters
Աջակցիր «Ա1+»-ինԱրաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի Sharjah Masters խոշոր մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
Մրցաշարի միանձնյա առաջատար Աբհիջեթ Գուպտան պարտվել է ռումինացի Բոգդան Դեակին և նահանջել 4-րդ հորիզոնական: Նրանից առաջ են անցել նաև Սալեհ Սալամը և Նոդիրբեկ Աբդուսատարովը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Վերջինս հաղթել է մեր շախմատիստ Մանուէլ Պետրոսյանին:
Այս տուրում մերոնցից հաղթանակ է տարել միայն միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որը վաստակել է 3 միավոր և բարձրացել 43-րդ հորիզոնական: Իսկ ահա մեր մյուս շախմատիստները հիմնականում ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները և մնացել են իրենց դիրքերում: Հայկ Մարտիրոսյանը 4,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Մանուէլ Պետրոսյանը 4 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում: Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 3,5-ական միավոր և բաժանում են 15-36-րդ տեղերը:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի Աբհիջեթ Գուպտայի հետ: Հնդկաստանի պատվիրակների հետ կմրցեն նաև Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 61 գրոսմայստեր: